Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը բոլորին ոտքի է հանել. երթուղին հայտնի է

Մամուլը գրում է, թե ՀՀԿ-ն վերադառնում է «մեծ մեռելներին»: Խոսքն այն մասին է, որ Սերժ Սարգսյանը կիրառում է քաղաքական վերբեռնման յուրօրինակ սխեմա, կուսակցականներին ուխտագնացության տանելով Հայաստանի տարբեր պատմական կոթողներ եւ վայրեր:

Օրինակ, մի քանի շաբաթ առաջ Սարգսյանը ՀՀԿ-ն տարել էր Նժդեհի շիրմին այցի: Հիմա պատրաստվում է տանել Արշակունիների դամբարան, հետո ծրագրում Օձունն է:

Սարգսյանը ՀՀԿ-ն ոտքի է հանել: Իհարկե, առավել խորհրդանշական կլիներ, եթե ուխտագնացության մեկնեին ոտքով, ոչ թե թանկարժեք մեքենաներով: Եվ ավելին, մեկնեին նույնիսկ բոկոտն՝ ոտաբոբիկ: Իսկ ամեն ուխտագնացությունից հետո կուսակցությունն ասենք մի որոշակի սիմվոլիկ միլիոն՝ ամերիկյան դոլարով, փոխանցեր պետական գանձարան:

Դա կատարյալ կդարձներ «մեծ մեռելներին» վերադարձը, որովհետեւ ՀՀԿ ձեռամբ ամենամեծ «մեռելը» ուր որ է դառնալու էր պետությունը, եթե տեղի չունենար թավշյա հեղափոխությունն ու պետական վերբեռնումը:

Սերժ Սարգսյանն այդ ամենն անշուշտ շատ լավ է պատկերացնում, որովհետեւ կամա թե ակամա, նա հենց ինքը հասունացրեց հեղափոխությունը, նպաստեց հեղափոխական վիճակի հասունացմանը: Մյուս կողմից, Սարգսյանն այլ ելք չուներ էլ:

Նա գնում էր վա բանկ՝ կամ-կամ, շատ լավ հասկանալով, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ կամ պետությունը կհենվի ժողովրդի, այլ կերպ ասած լեգիտիմ իշխանության վրա, կամ հաջորդ հարվածը լինելու է այնքան ուժգին, որ բանակն էլ չի կարող փրկել:

Իրադարձությունը զարգացավ պետության, պետականության համար ամենանպաստավոր սցենարով, եւ հիմա հանգիստ կարելի է ՀՀԿ-ն տանել ուխտագնացության, պտտելով Հայաստանով մեկ եւ հավաստիացնելով, որ քաղաքականություն վերադառնալու համար պետք է «արմատներին» վերադառնալ:

Իսկ հայ ժողովրդի արմատները, ինչպես հայտնի է, անծայր են, անհատակ: Եվ ՀՀԿ-ն անվերջ կարելի է վերադարձնել դրանց, իրականում այդպիսով ոչ թե վերստին մոտեցնելով քաղաքականությանը, այլ ավելի ու ավելի հեռացնելով:

Միաժամանակ, Սարգսյանն այդպիսով իր վրա փաստացի վերցրել է Մովսեսի աստվածաշնչյան դերը, մի տարբերությամբ. Մովսեսը հրեա ժողովրդին էր 40 տարի ման ածում՝ մինչեւ ստրկությունը կմեռներ այդ ժողովրդի մեջ, Սերժ Սարգսյանը «40 տարի» ՀՀԿ-ին է պտտելու՝ ժողովրդին ազատելու համար:

Ի դեպ, ծննդյան տարեդարձի առիթով գրված եւ համացանցում մեծ իրարանցում առաջացրած երգով էլ Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ներկայացրել է երթուղին, այն պատմամշակութային հանգրվանները, որոնցով պատրաստվում է անցկացնել ՀՀԿ-ն:

lragir.am

Please enter a valid URL