Երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․ Հ-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հակոբյանի միջև, որի ժամանակ Է․ Հ-ն հարվածել է Վ․ Ծ-ին և Ա․ Հակոբյանին՝ պատճառելով վնասվածքներ։ Արդեն ոստիկանությունում Է․ Հ-ն հայտնել է, որ Ա․ Հակոբյանը մինչ այդ ձեռքերով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վիճաբանության ժամանակ Ա․ Հակոբյանի մտերիմներից մեկն էլ հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ա․ Հակոբյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։