Search
Close this search box.

Այդ տարիներից սկսեցի չսիրել Սահմանադրության օրը

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան Էջից

Հուլիսի 5-ին ՀՀ-ում տոնում են Սահմանադրության օրը, սակայն, անձամբ ինձ համար, այդ օրը տոն համարվել չի կարող: Փորձեմ բացատրել, թե ինչու: Ուրեմն, 1995թ հուլիսի 5-ին ես թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն էի:

Ի դեպ, ամբողջ երկրում դա միակ հանձնաժողովն էր, որը չէր վերահսկվում իշխող ՀՀՇ-ի կողմից: Այդ օրը անցկացվում էր թե Սահմանադրության հանրաքվեն, թե ՀՀ ԱԺ-ի պատգամավորների ընտրություն: Իմ ընտրատարածքում ՀՀՇ-ական պատգամավորության թեկնածուն Հարությունյան Յուրիկն էր:

Ընտրությունների անցկացման հենց առաջին փուլում, երբ ես ընտրվեցի հանձնաժողովի նախագահ, ՀՀՇ-ական թեկնածուն հանդիպեց ինձ և ասաց, որ իրեն Սահմանադրությունը չի հետաքրքրում, նա չի պայքարելու Սահմանադրության ընդունման համար և իրեն հետաքրքրում է միայն իր պատգամավոր ընտրվելը: Այնուհետև նա ինձ գործարք առաջարկեց, ըստ որի ես պետք է զբաղվեի բացառապես Սահմանադրության խնդրով (ես դեմ էի Սահմանադրության առաջարկվող նախագծին և պատրաստվում էի <ոչ> քվեարկել) և չխոչընդոտեի վերջինիս պատգամավոր դառնալուն:

Բացի այդ, ինձ առաջարկվում էին որոշակի նյութական արժեքներ: Բնականաբար, ես մերժեցի առաջարկը, իսկ իշխանական թեկնածուն անցավ պլան Բ-ին, որը ներառում էր ընտրակաշառք, կարուսել, վարչական ռեսուրսի համատարած կիրառում և այլն:

Մի խոսքով, մեծ ծախսեր: Հետագայում, վերջինիս ընկերներն ինձ փորձում էին ապացուցել, որ ես <հարիֆ եմ>, քանզի իրենք մեկ է հասել են իրենց ուզածին, ուղղակի մի փոքր ավել գումարով:

Ես այդ տարիներին շատ երիտասարդ էի և միգուցե նաև <հարիֆ էի>, սակայն այդ տարիներից ի վեր սկսեցի չսիրել Սահմանադրության օրը, քանզի գիտակցեցի, որ մեծ հաշվով այն, որպես իրավական ակտ, որևէ մեկին չէր հետաքրքրում, անգամ իշխանական թեկնածուին:

Please enter a valid URL