ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք չի կարելի բռության կողքով անտարբեր անցնել։ Սեռական բռնությունը մեր հասարակության մեջ տաբու հիշեցնող թեմա է, ու շնորհակալ եմ բոլոր այն համարձակ կանանց, որ բարձրացնում են իրենց ձայնն ու օգտագործում իրենց հասարակական դիրքն այս թեմայի շուրջ երկխոսություն սկսելու ու շատ ծնողների գիտակցությունը բարձրացնելու համար։
Ավանդույթը շատ կարևոր է, արժեքները շատ կարևոր են, բայց այն չպետք է կործանի այն երեխաների ու դեռահասների կյանքը, ովքեր դարձել են սեռական բռնության զոհ։ Խնդրում եմ սիրելի ծնողներ, երբեք մի թողեք, որ ձեր երեխաներն ապրեն ամոթի ու վախի մտածմունքներով։ Սա, մեծ հաշվով, ձեզանից է կախված։
Շատ դեռահասների ու երիտասարդների երազանքները կործանվում են այսպիսի վատ իրավիճակում հայտնվելու հետևանքով, ու ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք խոցելի իրավիճակում հայտնված մեր հատկապես երիտասարդներին։
Իսկ բռնության զոհ դարձած բոլոր երիտասարդներին ուզում եմ ասել` ես ձեր կողքին եմ, ու գիտակցում եմ, թե ինչ դաժան հետք է այն թողնում ձեր ամբողջ կյանքի վրա։ Բայց նաև գիտեմ, թե ինչքան ուժեղ դուք կարող եք լինել։
Մարդկային ուժը սահմաններ չունի, մտքի ուժը սահմաններ չունի: Իսկ ցանկացած տեսակի բռնություն արժանի է շատ կոշտ պատժի»։