Հուլիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իսկ ժամեր անց, այս անգամ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ահազանգ ստացվել Վայքի հիվանդանոցից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի դանակահարված վիճակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հում տալով իր աղբյուրներին:
Հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն է, իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ 24-ամյա Արգիշտի Բ․-ն է։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արգիշտի Բ․-ի, Վայք քաղաքի բնակիչ 23-ամյա Գևորգ Ս․-ի և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա Էմին Ս․-ի միջև։
Վիճաբանության հետևանքով Արգիշտի Բ․-ն «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Իսկ Գայանե Ա․-ն «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։