Search
Close this search box.

«Գազային պատերազմ. Հայաստանը հարձակում է սկսել «Գազպրոմ»-ի դեմ». Gazeta.ru-ի անդրադարձը

Հայաստանը չի ուզում ռուսական գազի համար վճարել այն գումարը, որն առաջարկում է «Գազպրոմ»-ը և սկսել է ճնշել «Գազպրոմ Արմենիա»-ին։ Փորձագետները զգուշացնում են, թե գազի գնի նվազում սպասել պետք չէ։ Ավելի էժան չի լինի։

Խնդիրը կարող է կարգավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ժամանակ, գրել է այսօր ռուսական «Գազետան» «Գազային պատերազմ. Հայաստանը հարձակում է սկսել «Գազպրոմ»-ի դեմ» վերնագրով հոդվածում։

Ռուսական թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել Մոսկվային իջեցնել գազի գինը։ Բանակցություններն արդեն երկար ժամանակ է այս հարցի շուրջ ընթանում են, բայց կողմերին չի հաջողվում համաձայնության գալ»։

Հիշեցնենք՝ ռուսական «Գազպրոմ»-ի հետ Հայաստանի պայմանագրի ժամկետը լրացել էր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այսօր գործում է «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված հավելյալ պայմանագիրը, որի համաձայն՝ Հայաստանը այսօր ռուսական գազը ստանում է 165 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, սակայն հայաստանցի սպառողները նախկին գնով են այդ գազը ստանում՝ 150 դոլարով:

Հայտնի չէ, սակայն, թե մինչև երբ պետք է գործի այս գինը: Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոն դեռևս ապրիլին ասել էր, թե մինչև հուլիսի 1-ը Երևանն ու Մոսկվան պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թվականը գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ։

«Գազետա»-ն գրում է, որ հայաստանցի սպառողի համար գազի գինը չէր բարձրանում, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձում է կրճատել իր ծախսերը, մասնավորապես, խոսքը 500-1000 աշխատակիցների և ներդրումային ծրագրերի կրճատման մասին է։ Սակայն չի բացառվում, որ գազի գինն արդեն այս տարի բարձրանա հայաստանցիների համար, գրում է «Գազետա»-ն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չպետք է լինի գազի գնի մեծ տարբերություն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, Մոսկվան, սակայն, գոնե հրապարակային գազի գինը իջեցնելու պատրաստակամություն չի հայտնում։ Կրմելին մոտ կանգած լրատվամիջոցը գրում է, թե քանի որ կողմերին չի հաջողվում պայմանավորվել, Երևանը որոշել է հարձակում սկսել «Գազպրոմ Արմենիա» ընեկրության դեմ։

«Գազետա»-ի տվյալներով՝ հունիսին «Գազպրոմ Արմենիա»-ն տուգանվել է 10 մլն դրամ։ Այս որոշումը կայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը նշում է, թե որոշ դեպքերում ռուսական գազի մատակարարը չի կատարել իր պարտականությունները։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սրա հետ համաձայն չէ և հայտարարում է, թե որևէ անօրինական քայլերի չի գնացել։ Տուգանքի գումարը, իհարկե, չնչին է, գրում է թերթը՝ հավելելով, թե սա, սակայն, ազդանշան է Կրեմլի համար։

Թերթի հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Մինչդեռ, թերթի տվյալներով, դժվար թե բանակցությունները ավարտվեն մինչև հոկտեմբեր։ Թերթը նաև մեջբերում է ռուսաստանցի փորձագետների կարծիքը. «Գազպրոմ»-ը գազի գինը Հայաստանի համար չի իջեցնի։

Ռուսաստանցի փորձագետ, էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը, մասնավորապես, համարում է, թե Հայաստանն առանց այդ էլ արտոնյալ գնով է գազ ստանում Ռուսաստանից, Հայաստանից պակաս ռուսական գազի համար վճարում է միայն Բելառուսը։ Սիմոնովը փաստում է, որ այս կամ այն երկրի համար ռուսական գազի գնի ձևավորման վրա ազդում է նաև քաղաքական գործոնը։ Մեկ այլ ռուսաստանցի փորձագետ, քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը հավելում է, թե գազի ավելի արտոնյալ գին ստանալու Հայաստանի շանսերը շատ չեն։

Please enter a valid URL