Search
Close this search box.

«Փառք տուր Աստծուն, որ սաղ մնաս…». Սյունիքում 47-ամյա տղամարդը մետաղե «ուգոլնիկով» դաժան ծեծի է ենթարկել նախկին կնոջը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Վահե Բ.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա Վահեին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մարտի 7-ին, ժամը 13-ի սահմաններում Սյունիքի մարզում բնակվող նախկին փաստական կնոջ աշխատավայրում անձնական հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունների ու խանդի շարժառիթով Վահե Բ.-ն ձեռքին եղած մետաղե անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ Մերիի (անունը փոխված է) գլխի ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի գագաթ-քունք-ծոծրակային, շրթունքի, ձախ դաստակի շրջանների բազմաթիվ սալջարդ վերքերի, գանգի թաղի ու հիմի բազմաբեկոր կոտրվածքների, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի՝ բազմաթիվ կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, արյունազեղումների, գլխուղեղի այտուցի, պնևմոցեֆալիայի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Վահե Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքներում Վահե Բ.-ն հայտնել է, թե 2018 թվականի մայիսի կեսերին նշանվել ու այդ ժամանակից մինչև 2019 թվականի փետրվարի 6-ը Մերի Խ.-ի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Նշանադրության արարողության ժամանակ ինքը տեսել է, որ Մերին մտավ զուգարան: Ինքը կանգնել է դռան մոտ, ականջ է դրել ու լսել, որ նա հեռախոսով ինչ-որ մեկին ասում է՝ նշանվում եմ, էլ չզանգես:

Երբ Մերին դուրս է եկել զուգարանից, ինքը վերցրել է նրա հեռախոսը, հետ է զանգել, պարզել է, թե ում հետ էր խոսում Մերին: Երևանում հանդիպել է այդ երիատասարդին ու պայմանավորվել, որ Մերիի հետ գործ չունենա:

Վահե Բ.-ն խոստովանել է, որ մշտապես խանդել է Մերիին: Բայց իրենց բաժանման պատճառը սոցիալական խնդիրներն էին, ինքը չէր կարողանում գումար վաստակել ու ընտանիքի, իր ու կնոջ հոգսերը հոգալ: Տաքսի էր վարում, բայց վաստակածը չէր բավականացնում: Մերիի հետ ապրել են Երևանում, հետո նա, որոշելով բաժանվել իրենից, վերադարձել է հայրական տուն:

2019 թվականի մարտի 6-ի վաղ առավոտյան իր վարած տաքսիով Երևանից մեկնել է Մերիի բնակավայր: Սպասել է նրա աշխատավայրի մոտ, տեսել է, որ Մերին հոր մեքենայով եկավ աշխատանքի: Ինքը նրա հետևից մտել է աշխատասենյակ: Խոսել են իրենց համատեղ կյանքի ու հարաբերությունները վերականգնելու մասին: Եկել են այն եզրակացության, որ երկուսն էլ պիտի փոխվեն: Իրար հետ հանգիստ են խոսել, տարաձայնություններ չեն եղել: Մերիի հետ զրուցելուց հետո ինքն ուղևորվել է Երևան:

Հաջորդ օրվա առավոտյան զանգել է Մերիին, նա անջատել է: Նորից է զանգել ու տեսել է, որ Մերին իր համարը գցել է «սև ցուցակ»: Կես ժամ անց նորից է զանգել, խոսել է Մերիի հետ, վիճել են: Համատեղ ապրելու ընթացքում Մերին երեխայի էր սպասում, բայց վաղաժամ ծննդաբերության պատճառով երեխան մահացել էր:

Հեռախոսային խոսակցության ժամանակ ինքը հարցրել է՝ գնացե՞լ ես մեր երեխայի գերեզմանին: Մերին իրեն ուղղել է, ասել է՝ ոչ թե «մեր», այլ՝ «իմ երեխայի», նա ասել է, թե դա իր երեխան չէր… Ինքը զայրացել, Մերիին ասել է. «Փառք տուր Աստծուն, որ սաղ մնաս, ես գալիս եմ»:

Անմիջապես Երևանից մեքենայով դուրս է եկել, ուղևորվել Մերիի բնակավայր: Ժամը 13-ի սահմաններում տեղ է հասել:

Մերիի աշխատավայր մտնելուց առաջ շենքի մոտից վերցրել է մետաղե «ուգոլնիկ»: Մտել է Մերիի աշխատասենյակ: Նա նստած էր համակարգչի մոտ: Ինքը «գժական վիճակում էր», ձեռքի «ուգոլնիկով» անկանոն հարվածներ է հասցրել Մերիին, նա ընկել է հատակին: Ինքը վերցրել է նրա հեռախոսը, որ ոչ մի տեղ չզանգի: Դուրս է եկել: Նստել է մեքենան, շարժվել դեպի Երևան: Ճանապարհին մեքենայից դուրս է նետել «ուգոլնիկը» ու Մերիի հեռախոսը:

Հաջորդ օրը հասկանալով, թե ինչ է արել, ու զղջալով՝ գնացել է քրեական հետախուզության գլխավոր վարչություն ու հանձնվել է:

Վահեն ասել է, թե Մերիին հարվածելու ժամանակ «ուգոլնիկը» իր ձախ ձեռքում էր: Առաջին հարվածը շատ ուժեղ է եղել: Հարվածել է 7-8 անգամ: Նա թուլացած ընկել է հատակին: Դրանից հետո ինքն այլևս չի հարվածել: Ինքը Մերիին սպանելու դիտավորություն չի ունեցել, ցանկացել է նրան ցավ պատճառել…

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալ Վահե Բ.-ն հայտնել է, թե «նոր ընտանիք էին ստեղծել, իր վարկային պատմությունը վատ էր, Մերիի անունով վարկ են վերցրել, կենցաղային գույք են ձեռք բերել: Մերիի հայրն ասել է, թե կարող է վարկով մեքենա էլ վերցրել: Վարկային կազմակերպությունից 2 միլիոն դրամ վարկ են վերցրել ու մեքենա ձեռք բերել: Դրանից հետո ևս 1 միլիոն դրամ վարկ է վերցրել ու «մտել է վարկային կարուսելի մեջ»:

Ինքը տաքսի էր վարում ու չէր հասցնում ընտանիքի կարիքները հոգալ: Վարկերն ուշացնում կամ չէր կարողանում վճարել: Մերիի ծնողներն էին օգնում, բայց դա չէր հերիքում: Իրենց տարաձայնությունները այդ պատճառով էին: Ինքը խանդում էր Մերիին՝ նա երիտասարդ էր ու գեղեցիկ, ինքը չէր ուզում, որ նա աշխատի: Տարաձայնությունները չեն կարողացել հարթել: Մերին վերադարձել է հայրական տուն: Մարտի 6-ի հանդիպման ժամանակ ինքը խոստացել է, որ կփոխվի, իր հասկացածով՝ Մերին իրեն շանս է տվել: Բայց երբ հեռախոսով խոսելիս նա վիրավորել է իրեն, իր մոտ «անհասկանալի վիճակ» է ստեղծվել:

Մտածել է՝ Մերին իրեն նման բաներ է ասել՝ զայրացնելու, գժվացնելու համար: Երբ նրան հարվածներ էր հասցնում, խիստ հուզված վիճակում էր: Բայց տեսնելով, որ Մերին ընկել է, այլևս չի հարվածել, հասկացել է, որ եթե շարունակի խփել, նա կմեռնի: Ինքը Մերիին սպանելու նպատակ չի ունեցել, եթե ցանկանար սպանել, դանակով կխփեր:

Մերիի հեռախոսի մեջ իրեն հետաքրքրող ոչ մի բան չկար: Մինչև Մերիի աշխատասենյակ մտնելը իր գիտակցությունը տեղն էր…

Տուժող Մերին հայտնել է, թե դեպքից հետո Վահե Բ.-ի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի: Վահեի հետ ապրել են Երևանում, բայց պարզվել է, որ նա բազմաթիվ պարտքեր ունի և խաբեբա է: 2019 թվականի փետրվարի 7-ին ինքը վերադարձել է հայրական տուն: Վահեն բազմաթիվ անգամներ զանգում էր, խնդրում էր միանալ: Ինքը մերժում էր՝ ասելով՝ երբ հստակ իմանա, որ նա ընտանիք պահել գիտի, այդ ժամանակ կվերադառնա:

Մարտի 6-ին Վահեն եկել է իր աշխատավայր, խնդրել է միանալ, ասել է, թե կվճարի մեքենայի հետ կապված ակտերը: Ինքը մերժել է նրան, քանի որ նա աշխատելու հետ սեր չուներ… Այդ օրը Վահեն նորմալ տրամադրությամբ է գնացել Երևան:

Հաջորդ օրը նա զանգել է, իրենք խոսել են: Հետո էլի է զանգել, բայց ինքը աշխատում էր, հեռախոսն անջատել է: Հոր հետ ինքը պայմանավորվել էր, որ ընդմիջման ժամին կհանդիպեն: Ընդմիջման ժամին ցանկացել է դուրս գալ ու ոչինչ չի հիշում՝ ինչ է կատարվել: Հետո է իմացել, որ Վահեն եկել ու մետաղե անկյունակով հարվածներ է հասցրել իրեն, վերցրել է իր հեռախոսն ու հեռացել է:

Ինքը Վահեի դեմքը չի տեսել, չի հիշում, որ մինչև հարվածները նրա հետ բառ փոխանակեր, եթե այդպիսի բան լիներ, ինքը կհիշեր…

Տուժողի կարծիքով՝ Վահեն ցանկացել է սպանել իրեն, քանի որ իր հորից մեծ գումարներ էր վերցրել: Նա մի շարք հարցերում խաբել է իր ընտանիքին: Նա նաև իրեն հիվանդագին ձևով խանդել է… Իր կարծիքով՝ նա խանդի հողի վրա չի իրեն հարվածներ հասցրել…

Մերիի հայրն ասել է, թե Վահեին իրենց ընտանիքում շատ լավ են ընդունել: Նա ասել է, թե մեքենա է պետք, ինքը վարկ է վերցրել ու մեքենա է ձեռք բերել, տվել նրան: Բացի այդ՝ 500 հազար և 300 հազար դրամ վարկ է վերցրել, տվել Վահեին, որ կենցաղային տեխնիկա գնեն:

Վահեն էլ իրենց նկատմամբ էր լավ, բայց չէր թողնում, որ Մերին աշխատի… Տարաձայնությունների պատճառով ի վերջո Մերին վերադարձել է իրենց տուն, քանի որ Վահեն անընդհատ խաբում էր…

Դեպքից հետո ինքը զանգել է Վահեին, նա պատասխանել ու ասել է, թե գալու, շնորհավորելու է Մերիի ու նրա մայրիկի Մարտի 8-ը: Հետո Մերիին տեղափոխել են Երևան՝ Էրեբունի հիվանդանոց, այնտեղ իմացել է, որ Վահեն ներկայացել է իրավապահներին ու խոստովանել է…

Նախաքննության ընթացքում Վահեի մատնանշած վայրում հայտնաբերվել ու առգրավվել են նրա կողմից դեն նետված «ուգոլնիկը»՝ սրբիչի մեջ փաթաթված, և Մերիի «Այֆոն» հեռախոսը՝ ստորին հատվածը դեն նետելուց վնասված վիճակում:

Դատարանը հիմնավորված է գնահատել Վահե Բ.-ին առաջադրված մեղադրանքը:

Վահե Բ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի մարտի 8-ից:

Վահե Բ.-ից հօգուտ տուժողի կբռնագանձվի 550 հազար 394 դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Please enter a valid URL