Մայիսի 21-ին մի ընկերության փաստաբան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժին դիմում է ներկայացրել, որ Եղվարդ քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը եւ այդ անշարժ գույքի տարածքում մի շարք անձինք, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի մուտք են գործել ու բնակություն հաստատել։
Փաստաբանը դիմումով խնդրել է, որ ոստիկանությունը օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի տարածքից դուրս հանի ներխուժած անձանց։ Ոստիկանության ծառայողներն այցելել են հիշյալ անշարժ գույքի տարածք եւ այնտեղ բնակություն հաստատած անձանց մեկ ամսյա ամսյա ողջամիտ ժամանակ են հատկացրել՝ տարածքը ազատելու համար։ Այդ անձանց պարզաբանվել է նաեւ, որ տարածքը կամովին չլքելու դեպքում դա կկատարվի օրենքով սահմանված կարգով։
Բացի այդ այցելությունը, ոստիկանները մի քանի անգամ եւս այցելել են հիշյալ տարածք եւ կատարել նմանօրինակ բացատրական աշխատանք։ Հունիսի 21-ին փաստաբանը նոր դիմում է ներկայացրել, որ ոստիկանությունն ընկերությանը պատկանող անշարժ գույքի տարածքում բնակվող անձանց ներխուժումը վերացնելու գործընթացը հետաձգի մինչեւ հունիսի 25-ը։ Հունիսի 25-ին ոստիկանության ծառայողները ներխուժումը վերացրել են եւ շենքը հանձնել ընկերության պահնորդական ծառայությանը։
Այդ անձինք հունիսի 27-ին ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելու ընթացքում հայտարարել են, որ ոստիկանության ծառայողները իրենց ծեծի են ենթարկել։
Պարզաբանենք, որ հիշյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ոստիկանության ծառայողները գործել են օրենքի շրջանակներում, ավելին՝ հանդուրժողականություն են ցուցաբերել նույնիսկ այն պարագայում, երբ շենքում բնակություն հաստատած անձինք դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Նշենք, որ ներխուժումը վերացնելու գործընթացը տեսանկարահանված է։