Պայմանագրային զինծառայողը՝ կոչումով սերժանտ, կյանքի համար վտանգավոր վնասվածք է ստացել մահճակալին պառկած։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սերժանտին վնասվածք պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին։
Դեպքը տեղի է ունեցել մարտական կացարանում։ Նախնական քննության տվյալներով՝ N զորամասի դասակի հրամանատար, կոչումով` ավագ լեյտենանտը երեկոյան՝ մարտական դիրքի կացարանում իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները. այն է՝ առանց լիցքաթափման գործողություն կատարելու և զենքի փամփշտանոցում փամփուշտի առկայությունը ստուգելու, բացել է ինքնաձիգի ապահովիչը և սեղմել ձգանը, ինչի արդյունքում արձակված կրակոցի հետևանքով կացարանում գտնվող, մահճակալի երկրորդ հարկում պառկած, նույն մարտական դիրքի ավագ, ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հարությունյանն ստացել է վնասվածք՝ ձախ ազդրի հետին մակերեսի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման` արյունահոսությամբ ուղեկցված` որովայնի խոռոչի հետորովայնամզային տարածության վնասման, ձախ ազդոսկրի, քացախափոսի, զստոսկրի, սրբոսկրի, բեկորային կոտրվածքների, հետորովայնամզային տարածության հեմատոմայի ձևով։
Դեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը ավագ լեյտենանտին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումն ու քրեական գործն ուղարկել դատարան։
Ինքը՝ ավագ լեյտենանտը, ընդունել է առաջադրված մեղադրանքը ու խնդրել դատարանին կիրառել դատաքննության արագացված կարգ։ Նրա դեմ չի բողոքել նաեւ տուժողը՝ հայտարարելով, որ ամբաստանյալից բողոք չունի և միջնորդել նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ հիմնավորված համարելով առաջադրված մեղադրանքը, ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Միաժամանակ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատժի կիրառումը հետաձգել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, իսկ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա։