Առողջապահության ոլորտում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակն ու դրանցից օգտվող շահառուների շրջանակը կընդլայնվի։ Այս նպատակով պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր է պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։
Համապատասխան որոշման նախագիծն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման հաամր։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։
Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար, նշեց փոխնախարարը՝հավելելով, որ բուժաշխատողների աշխատավարձը ևս առաջարկվում է բարձրացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում տնտեսական գործունեություն զբաղեցնող, պարտաճանաչ հարկեր վճարող տնտեսվարողներին, որի արդյունքում գործադիրը կարողանում է ավելացնել Առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները։