Search
Close this search box.

Սևազգեստ անթրաշը գուցե այժմ հեղափոխական է

2011 թիվն էր: Էջմիածնում էի: Ավտոմեքենաս կայանեցի քաղաքի կենտրոնում ինչ-որ շենքի դիմաց: Շենքի պատին որևէ ցուցանակ չկար, սակայն պարզ էր, որ այնտեղ կազմակերպության գրասենյակ էր: Դռնից դուրս եկավ սևազգեստ, անթրաշ և ահավոր մաշված հողաթափերով մեկը և իմպերատիվ տոնով ինձ ասաց, որ շուտափույթ հեռանամ տարածքից:

Բնավորությանս համաձայն, փորձեցի կատակել, հարցնելով, թե սա ի՞նչ օֆիս է: Մաշված հողաթափերով մարդը կատակասեր չէր: Նրան զայրացրեց <օֆիս> բառը: Նա հայտարարեց, որ <տարածքը պատկանում է զորավարին>, <այստեղ է նրա նստավայրերից մեկը>, <բախտս բերել է, որ այդ պահին զորավարը տանն է>, սակայն նույնիսկ վերջինիս բացակայությունը <չի խանգարում, որ հարցերս լուծվեն>:

Բացի դրանից, մաշված հողաթափերով անձն ինձ տեղեկացրեց, որ <մեկ րոպեից էլ քիչ ժամանակ ունեմ>, որպեսզի <ԱՆՎՆԱՍ լքեմ տարածքը>: Ես հասկացա, թե ով է զորավարը և հեռացա:

Այսօր զորավարի դատն է: Նրան սայլակով են տեղափոխում: Ասում են, որ վերջինիս օրերը հաշված են: Որևէ խղճահարություն նրա հանդեպ չունեմ: Ինձ ավելի շատ հետաքրքրում է սևազգեստ, անթրաշ և մաշված հողաթափերով անձը: Չգիտեմ ինչու, սակայն համոզված եմ, որ նա այժմ հեղափոխական է կամ գոնե հեղափոխության սպասավորը:

Please enter a valid URL