Search
Close this search box.

Դոն Պիպոյին մեղադրանք առաջադրվեց

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Արթուր Ասատրյանի, ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով:

Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։

Please enter a valid URL