Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին անհատույց տրամադրված մանկապարտեզը հետ է վերցվում

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը, դիմելով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին, հետաքրքրվեց. «Շատ լրատվականներով անդրադարձ է եղել Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրին, գիտենք, որ ժամանակին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանին մանկապարտեզն անհատույց տրամադրել էր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին. կարծես թե սկսվել է պրոցեսը: Ի՞նչ փուլում է մանկապարտեզի վերադարձը Երևան քաղաքին»:

Քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ այն մարդկանց, որոնց տրվել է մանկապարտեզը, արդեն պատշաճ ծանուցվել են վերադարձի մասին. «Հունիսի 30-ին ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին»,- եզրափակեց Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը (շենքն ու հողատարածքը) դեռ 2008 թ.-ից 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնված «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Please enter a valid URL