Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ վճռել է կարճել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմից որպես դատական ծախս բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ: Նշենք, որ պատասխանող կողմը նախորդ նիստին պահանջել էր 650 հազար դրամ:
Ի պատասխան մեր այն հարցին՝ գոհացնում է իրենց այս որոշումը թե ոչ, Գեւորգ Գյոզալյանն ասաց. «Դեռ չեմ կարող ասել, պետք է վստահորդիս հետ քննարկեմ»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով։ Քոչարյանը վիճարկում էր Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունը. «Ասում է` անձեռնմխելի է։ Ինչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ։ Այդ որտե՞ղ է այդպես գրված»։
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հայցվոր կողմը հայցից հրաժարվելու է, քանի որ Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարել է, որ վարչապետը նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե կոնկրետ անձի: ՄԻնչ այդ՝ հունիսի 12-ին, Ալումյանը դատարանում ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանը հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: