Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նախաքննությամբ պարզվել է, որ հետիոտնը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով չկարգավորվող հետիոտնի անցման գծանշանի վրայով, և այդ ժամանակ Ի. Դանիելյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Նալբանդյանին, ով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։
Մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 2-ին Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո:
Գ. Նալբանդյանը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ: