«Արդեն սովորույթ է դարձել «Լուսավոր Հայաստան»-ի, մասնավորապես՝ պարոն Մարուքյանի բարձրաձայնած խնդիրները բովանդակությունից շեղելը, ձևակերպումներից մի արտահայտություն վերցնելը և քննադատության թիրախ դարձնելու՝ մեծամասնության որոշ գործիչների որդեգրած քաղաքականությունը»,- այսօր Ազգային ժողում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:
Պատգամավորը նշեց,որ վստահ է, թե Մարուքյանը վիրավորելու նպատակ չի ունեցել, պարզապես տիկին Ռևազյանը հանրության մեջ ընկալված է «սիրուն աղջիկ» ձևակերպմամբ։ Պատգամավորի խոսքով՝ իրենց կուսակցությունում չկա մարդ, որ իր քաղաքականությունը վիրավորանքի հենքով կառուցի։ «Փայլուն կառավարություն» արտահայտությունը հենց իշխող ուժի կողմից է գնահատվել, որը պարոն Մարուքյանը մեջբերել է՝ ցույց տալու համար, թե որ ճանապարհով կարող է կառավարությունը իսկապես փայլուն արդյունքներ գրանցել: Այս ամենի մասով, կարծում եմ, պարոն Մարուքյանը մանրամասն կանդրադառնա առաջիկայում»:
Պատգամավորը շեշտեց, որ այսօր իր ելույթում իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտարարել է, թե մինչև Մարուքյանի ելույթը իրենք քայլեր ձեռնարկել են։ Սակայն պարզվել է, որ միայն այսօր է Հակոբ Ճաղարյանը հայտարարությամբ հանդես եկել։ «Սա ներկայացվում է որպես հակափաստարկ, որը, մեղմ ասած՝ սիրուն չէ: Լավատեսական տրամադրությամբ ուզում եմ կարծել, որ գոնե այսքանից հետո սայլը տեղից կշարժվի և ձևից կանցնեն բովանդակության»։
Հարցին, թե ինչու Մարուքյանը խնդիրը բարձրաձայնելու համար չօգտագործեց Աժ ամբիոնը, չէ՞ որ ինքն է նշում, որ Ազգային ժողովը խոսելու, խնդիրներ բարձրացնելու վայր է։ Պատգամավորն ասաց. «Պարոն Մարուքյանը Հայաստանում չէ և ԱԺ ամբիոնը այդ օրը չէր կարող օգտագործել, քանի որ հանգստյան օրեր էին, իսկ խնդիրը հրատապ է և պետք չէ ժամանակ կորցնել, ամեն ժամը կարող է օգուտ բերել երկրին»:
Անդրադառնալով նրան, թե ի վերջո ինչ կոչ էր ուզում անել Էդմոն Մարուքյանը, Ալեքսանյանն ասաց, որ Մարուքյանի կոչը ուղիղ առնչվում է ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվելուն և առիթն օգտագործելուն՝ ի նպաստ մեր տնտեսության՝ կառավարության գործուն քայլերն արագացնելուն:
«Իշխանության արձագանքը բավականին անհաջող և իրենից ոչինչ չասող ցածրակարգ ռեպլիկներով էր համեմված: Ենթադրենք՝ պարոն Մարուքյանը կոմպլիմենտ է արել և իր ոլորտում ոչ մի առաջընթաց չապահոված երիտասարդ ղեկավարին տեղից շարժվելու ուղերձ է հղել, անպայմա՞ն էր այն տեղափոխել քուչի մակարդակի: Հույս ունեմ, որ ամեն դեպքում այս դիսկուրսը դրականորեն կանդրադառնա ոլորտի զարգացման համար»,- եզրափակեց պատգամավորը։
Lurer.com