Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո, ցավոք, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»:

Վարչապետը նշել է, որ այսօրվա նիստի օրակարգում կան նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը:

«Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր: Այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձևաչափով, դրանք նաև տեղի են ունենում քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ֆորմատներում, բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն և վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների:

Մեր այսօրվա աշխատանքին հաջողություն եմ մաղթում, որպեսզի այդ որոշումները ոչ միայն կայացվեն, այլ նաև դրանց իրագործման կոնկրետ ճանապարհային քարտեզ և պատկերացում ունենանք»,- ասել է նա:

ԱԽ նիստում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Please enter a valid URL