Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ոստիկանությունը հայտարարում է

1. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան /այսուհետ՝ Ակադեմիա/ իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով «Իրավագիտություն» մասնագիտությամբ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ առկա ուսուցման ձեւով ուսուցում: Ուսման տեւողությունը 4 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:

2. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջը /այսուհետ՝ Քոլեջ/ իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձեւով ուսուցում: Ուսման տեւողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:

3. Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, եւ նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

4. Ուսման համար կարող են դիմել`

1) առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան եւ 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

2) արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

5. Դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը`
1) անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.
2) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.
3) զինգրքույկ /արական սեռի դիմորդների համար/.
4) դիմում.
5) մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը եւ դրանց պատճենները.
6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ եւ պատճեն/` համաձայն սույն հայտարարության 12-րդ եւ 13-րդ կետերի.
7) 5 լուսանկար /4-ը` 4 x 6 չափսի, 1-ը՝ 9 x 12 չափսի/.
8) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.
9) տեղեկանք բնակության եւ հաշվառման վայրերից:

6. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները ներքոհիշյալ ժամկետներում պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/.
1) Ակադեմիայի դիմորդները` ս/թ օգոստոսի 16-ին,
2) Քոլեջի դիմորդները` ս/թ օգոստոսի 23-ին:
Նշված օրը տեղի կունենա դիմորդների եւ նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

8. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետեւյալ երեք ստուգումների հիման վրա.
1) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.
2) հայոց լեզվի իմացության ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.
3) ֆիզիկական պատրաստականության ստուգում:

9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը եւ անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային եւ այլ ոլորտներ/:

10. Դիմորդն իր ցանկությամբ կրթահամալիրում կարող է անցնել միայն մասնագիտական պիտանելիության համապատասխանության եւ ֆիզիկական պատրաստականության ստուգումները` 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաեւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը /բնօրինակը/:

11. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է.
1) արական սեռի դիմորդների համար՝
ա. վազք` 100 մ.
բ. վազք` 1000 մ.
գ. ձգում պտտաձողի վրա:
2) իգական սեռի դիմորդների համար՝
ա. վազք` 100 մ.
բ. վազք` 1000 մ.
գ. ուժային համալիր վարժություններ:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 23 միավորը:

12. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:

13. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձեւերից դրական միավորներ ստացած հետեւյալ դիմորդները՝
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների եւ զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:

14. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով /շքանշաններով եւ մեդալներով/ պարգեւատրվածները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:

15. Ակադեմիայի եւ Քոլեջի ընդունելության ստուգումների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են ընդունող հանձնաժողովներ:

16. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

17. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման եւ անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձեւի համար վճարում է 1500-ական ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց եւ արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով եւ 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության համար նախատեսված վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից:

18. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

19. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձեւը չի ավարտվել:

20. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ եւ հետագա ստուգումներին մասնակցելու իրավունքից:

21. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձեւի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:

22. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի եւ կրթահամալիրի միջեւ կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

23. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի.
2) ազատվել է ոստիկանությունում ծառայությունից`
ա. հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման եւ համապատասխան պաշտոնում նշանակվելու հնարավորության բացակայության պատճառով.
բ. հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

24. Ակադեմիայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս/թ հունիսի 3-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ, իսկ Քոլեջի դիմորդների փաստաթղթերը՝ հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 2-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 16.00-ն:
25. Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.
1) Ակադեմիայի դիմորդների համար` օգոստոսի 19-ից մինչեւ 26-ը,
2) Քոլեջի դիմորդների համար` օգոստոսի 26-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը:

Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


        

Please enter a valid URL