Հունիսի 20-ին Շիրակի պետհամալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդիպում էր կազմակերպել ՀԽ անդամների ու բուհի 12 դոկտորների հետ և քննարկված հարցերից մեկը վերաբերել է “Ռեկտորի ընտրության հետ կապված կանոնադրական եւ տեխնիկական խնդիրներին”…
Ըստ Բարսեղյանի` հնչել են առաջարկներ կանոնադրության և ընտրության կարգի փոփոխման վերաբերյալ, այն հաշվով, որ ռեկտորի հաջորդ մրցույթին հնարավոր լինի ավելի մեծ հավանականությամբ ունենալ ընտրված ռեկտոր, քան թե չունենալ…
Հետաքրքիր է, ինչ կապ ունի կանոնադրության և ընտրության կարգը ռեկտոր չընտրելու հետ, եթե համալսարանի ռեկտորի և՛ առաջին, և՛ երկրոդ ընտրությունների տապալումը կանխավ որոշված էր ու այդ մասին խոսում էին ոչ միայն բուհում, այլև ամբողջ Գյումրիում… Իսկ երկրորդ ընտրությունից առաջ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն ինձ ասաց.”Դու հավատու՞մ ես, որ այս Հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր կընտրի…”: Հենց դրանով էլ պայմանավորված ռեկտորի ընտրություններից մեկ օր առաջ պարոն Սերոբյանը հրավիրում էր ռեկտորատի նիստ ու որոշում, թե ինչ ծրագրեր են իրականացնելու հունիսից-սեպտեմբեր՝ բացահայտելով, որ նա մնալու է ռեկտորի ԺՊ…
Խնդիրը ո՛չ կանոնադրությունն է, ո՛չ էլ ռեկտորի ընտրության կարգը, այլ Հոգաբարձուների խորհրդի մեջ է… Ավելին` ի տարբերություն շատ երևանյան բուհերի, որտեղ ռեկտոր կարող են դառնալ միայն դոկտոր-պրոֆեսորները, ՇՊՀ-ի կանոնադրության մեջ նախորդ իշխանությունները հատուկ Սահակ Մինասյանի համար փոփոխություն մտցրեցին և այդ սանդղակը իջեցրեցին մինչև գիտթեկնածուի աստիճանի… Որքան հասկանում եմ, որոշ անձանց, այդ թվում նաև կառավարման հմտություններից զուրկ Երվանդ Սերոբյանին շատ խանգարում է ռեկտորի թեկնածուին ներկայացված պահանջներից մեկը՝ 5 տարվա վարչական ստաժի առկայության պահանջը, որը նա չունի… Այս պահանջը մեծ խոչընդոտ է գործող իշխանություների թեկնածուների համար և որքան հասկանում եմ, ամեն ինչ արվելու է, որ ՇՊՀ-ի կանոնադրությունը կարվի այն անձանց համար, ում իշխանությունները ցանկանում են տեսնել Շիրակի Մայր բուհի ռեկտորի պաշտոնում… Եթե այս ծրագիրն իրականացվի, ապա դա խայտառակություն է… Ավելին`եթե փոփոխություններ էլ լինեն, ապա պետք է որոշվի, որ ՇՊՀ-ի ռեկտորը պետք է պարտադիր լինի դոկտոր-պրոֆեսոր, իսկ վարչական ստաժն էլ կարելի է հանել այս փոփոխությունն ընդունելու դեպքում… Ինչո՞վ է պակաս ՇՊՀ-ն երևանյան բուհերից, որ դոկտոր-պրոֆեսոր ռեկտոր չպետք է ունենա…
Պարոն Բարեղյանը մինչև այդ հարցի քննարկման անցնելը պետք է ուշադրություն դարձնի մի քանի կարևոր խնդիրների վրա, որոնց անհապաղ պետք է լուծում տրվի… Առաջինը ՇՊՀ-ի Գիտխորհրդի խնդիրն է, որը 2019 թ-ի ապրիլի 16-ից գործում է անօրինական…
Դեռևս 2019 թ-ի ապրիլի 16-ին պետական ռեգիստրի կողմից հաստատվեց ՇՊՀ-ի կանոնադրության որոշ կետերի փոփոխությունը, որը քննարկվել և հաստատվել էր Հոգաբարձուների խորհրդի 2019 թ-ի մարտի 19-ի նիստում… Փոփոխությունների գլխավոր պատճառը՝ ՇՊՀ-ի Հոգաբարձուների և Գիտական խորհուրդներում բոլոր ստորաբաժանումների ներկայացվածության հարցն էր, ավելին` Գիտական խորհրդի ոչ լեգիտիմ լինելը… Սակայն ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ըստ կարգի, մինչև հիմա չի լուծարել ապօրինի գործող գիտխորհուրդը և որևէ աշխատանք չի տարել նորը ձևավորելու համար, որը կբխեր կանոնադրությունում կատարված փոփոխություններից… Ենթադրում եմ, որ դա ունի մի քանի բացատրություն. կամ Երվանդ Սերոբյանը բացարձակ չի հասկանում բուհական կառավարումից,կամ միտումնավոր է տապալել գործընթացը՝ բուհը լուծարման շեմին հասցնելու համար, կամ էլ նրան դա թույլ չեն տվել Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները, որոնցից նա վախենում է, քանի որ գիտխորհուրդը ցրելուց հետո պետք է փոփոխության ենթարկվեր նաև Հոգաբարձուների խորհրդի համալսարանի 6 դասախոս անդամների ցանկը, որոնք բոլորը նախկին ՀՀԿ-ական ռեկտորի ֆան-ակումբի անդամներն են… Ամեն դեպքում, պարոն Սերոբյանի անգործության պատճառով բուհի ապօրինի գործող գիտխորհուրդը մինչև հիմա գործում է և նրա ընդունած ոչ մի որոշում իրավական ուժ չի կարող ունենալ…
Այս ամենը ենթադրաբար միտումնավոր նաև ձգձգվեց, որ ուսանողները և դասախոսները գնան արձակուրդ և նոր գիտխորհրդի ձևավորումը տեղի չունենա իր բոլոր բացասական հետևանքներով ՇՊՀ-ի համար… Երվանդ Սերոբյանի այս անգործությունը՝ հանցագործություն է և բուհը տանում է կործանման…
Պարոն Բարսեղյանը՝որպես համալսարանի ՀԽ նախագահ և ՀԽ մյուս անդամները պետք է պահանջեն ռեկտորի ԺՊ-ից բացատրություններ տալ, թե ինչու է ապրիլից մինչև հիմա բուհի գիտխորհուրդը ապօրինի գործում… Այնինչ, կանոնադրության փոփոխված տարբերակը պետռեգիստր ուղարկելուց անմիջապես հետո պարոն Սերոբյանը պետք է նախաձեռներ բուհի մի շարք ստորաբաժանումների՝ ամբիոնների և ֆակուլտետների օրինակելի կանոնադրությունների հաստատումը (նախկին կանոնադրություններն ընդամենը պետք է լրամշակվեին), իսկ արդեն պետռեգիստրից հաստատված կանոնադրությունը ՇՊՀ “հասնելու” հաջորդ իսկ օրը գիտխորհուրը պետք է ցրվեր, ֆակուլտետային նոր խորհուրդներ պետք է ձևավորվեին, նոր գիտական խորհուրդ պետք է կազմվեր և պետք է անցկացվեին ՀԽ-ում բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից 6 ներկայացուցիչների ընտրությունները… Սակայն այդ ամենը Երվանդ Սերոբյանի թեթև ձեռամբ տապալվել է…
Ի գիտություն ՀԽ անդամների և նրա նախագահ Լ.Բարսեղյանի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության՝ ՇՊՀ-ի գիտական խորհուրդը և ՀԽ-ում բուհի 6 ներկայացուցիչները ոչ լեգիտիմ են…
Զավեշտալին այն է, որ սեփական անգործությունը և խայտառակ գործունեությունը ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում պարոն Սերոբյանը մատուցում է որպես հաղթանակներ և ձեռքբերումներ… Այդ մասին հիացած խոսում են իշխանության որոշ ներկայացուցիչներ…
Տարրական զավեշտ է, երբ Սերոբյանը փորձում է “չնկատել” մի քանի օր առաջ բուհի գիտխորհրդի կողմից իր գործունեությանը դրված բացասական գնահատականը… Համալսարանի գիտխորհրդի 18 անդամներից 15-ը “կողմ ” է քվեարկել նախարարին ուղղված “կոչ”-ին և “անբավարար” է գնահատել պարոն Սերոբյանի գործունեությունը ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում… 3 “դեմ” քվեարկածներից մեկը՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սամվել Սարգսյանն իր “դեմ”-ը բացատրել է նրանով, որ “կոչ”-ում շատ մեղմ է գնահատված Սերոբյանի գործունեությունը, և նա ավելի բացասական է գնահատում վերջինիս աշխատանքը… Ստացվում է, որ պարոն Սերոբյանի գործունեությունը դրական են գնահատել, չզարմանաք, հենց ինքը՝ Երվանդ Սերոբյանը և նրա բարեկամը՝ բուհի անգրագետ իրավաբան Ա. Հովհաննիսյանը…
ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ից ժամ առաջ ձերբազատվելը՝ Շիրակի Մայր բուհի փրկությունն է… Երվանդ Սերոբյանի անգործությունն աղետալի հետևանքներ է ունենալու Շիրակի պետհամալսարանի համար…
Հ.Գ.Հիշեցնեմ,10 ամիս լինելով ռեկտորի ԺՊ պարոն Սերոբյանը որևէ քայլ չէր ձեռնարկում բուհի հավատարմագրման գործընթացի առումով և ինչ-որ քայլեր սկսեց անել այս թեմայով իմ գրառումից 2 օր անց…Սակայն այդ քայլերը ևս որևէ հույս չեն ներշնչում,որ այն բարեհաջող ավարտ կունենա…
Գագիկ Համբարյան