Search
Close this search box.

Թրամփը հայտարարել է, որ չի չեղարկել Իրանին հարվածներ հասցնելու որոշումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու իր որոշումը:

«Ես երբեք չեմ չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածները, ինչպես մարդիկ սխալ հաղորդում են, ես պարզապես թույլ չեմ տվել առաջ գնալ ներկա պահին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Թրամփը կարգադրել էր հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ, սակայն վերջին պահին փոխել էր միտքը:

Ուրբաթ Թրամփը Թվիթերում գրել էր, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ օդային հարվածները դրանց մեկնարկից 10 րոպե առաջ, քանի որ 150 մարդու սպանությունը ոչ համարժեք պատասխան կլիներ ամերիկյան խոցված դրոնի դիմաց: «Մենք շատ զայրացած էինք եւ պատրաստ էինք վրեժ լուծել անցած գիշեր երեք տարբեր նշանակետերից, երբ ես հարցրի, թե քանի մարդ կզոհվի: 150, պարոն նախագահ, պատասխանեց գեներալը: Հարվածից 10 րոպե առաջ ես հետ եմ կանգնեցրել նրան: Դա խոցված դրոնի դիմաց համարժեք պատասխան չէ»,-գրել է Թրամփը:

 

Please enter a valid URL