Հունիսի 20-ին հայաստանյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունիսի 19-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ… Համոզված եմ, որ ՌԴ դեսպանի հանդիպումը ՍԴ նախագահի հետ պատահական չէր…Սա պաշտոնական Կրեմլի արձագանքն էր Հայաստանի իշխանություններին, որոնք շատ ծանր էին ընդունել հունիսի 14-ին պարոն Կոպիրկինի և Հայաստանի երկրոդ նախագահ Ռ. Քոչարյանի հանդիպումը…
ՀՀ ԱԺ նախագահ Ա.Միրզոյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ նա չի ողջունում այդ հանդիպումը, իսկ հետո էլ պարզվեց, որ ՀՀ ԱԳՆ է հրավիրվել ՌԴ դեսպանը, որի հետ զրույց է տեղի ունեցել՝ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում…
Այս գործընթացները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ՀՀ իշխանավորները շատ հեռու են դիվանագիտությունից և կիսատ-պռատ քայլերով էլ ավելի վատ իրավիճակի մեջ են հայտնվում, քան նախորդ իշխանությունները, որոնք Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին տարիներին դարձել էին ընդամենը Մոսկվայի «հաճախորդը» և գերադասում էին հեռու մնալ ավելորդ աղմուկից…
Մեծ ուրախությամբ կողջունեի պարոն Փաշինյանի իշխանության ռուսաստանյան քաղաքականությունը, եթե դրա հետևանքներն ավելի նվաստացուցիչ չլինեին, քանի որ պաշտոնական Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններում մեկ քայլ անելով և ոգեշնչելով հայաստանյան հասարակության «մենք ինքնիշխան ենք և հզոր ենք» գաղափարին հավատացողներին, երկու քայլ հետ է նահանջում, բայց փորձում են այդ նահանջը չնկատելու տալ կամ իրենց չհասկացողի տեղ դնել…
ՌԴ դեսպանի Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո, եթե ՀՀ իշխանությունները մտածում էին, որ Հայաստանում ՌԴ դեսպանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ապա պարոն Կոպիրկինը ոչ թե պետք է հրավիրվեր ՀՀ ԱԳՆ, այլ կանչվեր, իսկ նրա հետ զրույցի փոխարեն պետք է նրան տրվեր բողոքի նոտա, ինչպես ընդունված է…
Ինչպես և սպասում էի, Մոսկվայի պատասխանն իրեն ուշացնել չտվեց. ՀՀ իշխանությունների այս «դուխով» արտաքին քաղաքականությանը Մոսկվան պատասխանեց ավելի կոպիտ… Եթե Ռ.Քոչարյանը Հայաստանի նախկին նախագահ է, ապա ՌԴ դեսպանի վերջին հանդիպումը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, որը, լինելով «իշխանության» մեջ, համարվում է Փաշինյանի վարչակարգի թշնամին, ինչը չեն թաքցնում ներկայիս իշխանությունները, Մոսկվայի բացահայտ պատասխանն է ՀՀ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԺ նախագահ Ա.Միրզոյանի հայտարարություններին՝ կապված ՌԴ դեսպանի և Ռ.Քոչարյանի հանդիպման հետ… Հիմա պաշտոնական Երևանը ստիպված է լռել, քանի որ որքան էլ Հրայր Թովմասյանն ատելի է Փաշինյանի իշխանության համար, միևնույն է նա պաշտոնյա է, որի հետ հանդիպումը չի կարող դիտարկվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն…
ՀՀ ԱԳՆ-ն ավելի լավ է ի սկզբանե անդրկուլիսյան բանակցությունների միջոցով լուծեր Քոչարյան-Կոպիրկին հանդիպման հարցը, որ «թովմասյանական» պատասխան չստանար Մոսկվայից, քան թե մի պահ փորձեց ինքնիշխան և դուխով խաղալ և Կրեմլից հերթական մեսիջը ստացավ, որն ավելի նվաստացուցիչ էր…
Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում շատ բան պետք է փոխել, բայց դա պետք է արվի «խելքով»՝ հաշվի առնելով պատմական դասերը և չվնասելով Ռուսաստանում ապրող 3 միլիոնից ավելի հայերին…
Զարմանալի է,բայց պաշտոնական Մոսկվան Փաշինյանի հետ հարաբերություններում դեռ առաջնորդվում է «փափուկ” ուժի և մեսիջային դիվանագիտությունով…Բայց դա երկար չի շարունակվի…
Գագիկ Համբարյան