Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Հայտարարությունում ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր նաև, որ 102 մարդ դեռևս հիվանդանոցում է գտնվում, որոնցից 3-ը՝ վերակենդանացման բաժնում:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ)՝ խորհրդարանի խոսնակի աթոռին նստած ելույթ ունենալուց հետո բողոքի ալիք է բարձրացել երկրում: Հազարավոր ցուցարարարներ փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո տեղի ունեցած բախումների ժամանակ 240 մարդ տուժել է, 305 մարդ՝ ձերբակալվել: