Search
Close this search box.

1,5 միլիարդով կավելանա Հայաստանի արտաքին պարտքը. հեղափոխությունն ու փողի խնդիրը

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է Հայաստանի 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին, որն, ըստ նրա, արդեն որոշակիորեն ձևակերպված է համաձայնագրերի տեսքով: Ջանջուղազյանը ողբերգական բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ 60 տոկոսին:

Մեծ հաշվով, ողբերգական բան իսկապես չկա: Արտաքին ահռելի պարտք ունեն անգամ զարգացած երկրները և համաշխարհային տնտեսության առաջատարներ ԱՄՆ-ն ու Չինաստանը: Խնդիրն իհարկե այն է, թե պետությունն ինչ էֆեկտիվությամբ է տնօրինում, ծախսում վարկը, և այն որքանով է ծառայում զարգացմանը, ոչ թե գոյություն ապահովելուն:

Այստեղ է, որ եղել է Հայաստանի նախորդ տասնամյակի, այսպես ասած, ողբերգությունը: Արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվել է ընդամենը գոյություն ապահովելու նպատակի համար, որովհետև տնտեսական, ֆինանսական այլ ռեսուրսներ բացակայել են մի քանի պատճառով:

Նախ՝ դրանք բացակայել են ներիշխանական համակարգում հարաբերությունների պարզաբանման կամ, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյան-Քոչարյան, և մի քանի այլ ուղղություններով իշխանա-օլիգարխիկ դիմակայությունների պատճառով: Այդ իմաստով, հատկապես խոսուն էր 2017-18 շրջանը, երբ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել էին շատ պարզ բանաձև՝ կփոխանցե՞ս իշխանությունը, կստանաս ներդրումներ:

Գործնականում, նաև փողի խնդիրը քայքայեց նախկին իշխող համակարգը, թեև այստեղ, իհարկե, կարող է լինել նաև հակառակ պատճառահետևանքային կապի տարր՝ համակարգի քայքայման զգացումը ավելի էր սրում փողի խնդիրը, որևէ մեկն այլևս չէր ուզում ծախսել՝ չունենալով առավել հաստատուն երաշխիքներ:

Փողի խնդիր ունի նաև նոր Հայաստանը, որն, իհարկե, կործանարար կամ կրիտիկական չէ այն պատճառով, որ նոր Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, և ավելին՝ ունի բարձր լեգիտիմություն: Բայց հասկանալի է, որ այստեղ էլ շատ բան կախված է տնտեսական էֆեկտիվությունից:

Մյուս կողմից, խոշոր կապիտալը այդուհանդերձ շարունակում է լինել նախկին իշխանական համակարգի տիրույթում, եթե անգամ դրա կրողների մի զգալի մասը համաձայնել են խաղալ նոր կանոններով և պայմանավորվել են դրա շուրջ նոր իշխանության հետ:

Այդուհանդերձ, իշխանությանն անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ, այն դեպքում, երբ ահռելի է նաև անվտանգային մարտահրավերի խնդիրը: Միայն նախկին համակարգի յուրացրած փողերը հետ բերելը ունակ չէ լուծել խնդիրները, առավել ևս պարզ չէ, թե ինչ տեմպով ու ծավալով է աշխատում հետբերման մեխանիզմը: Նախկին համակարգում փողի խնդրի մյուս կարևոր պատճառը քաղաքական, կամ աշխարհաքաղաքական էր:

Եվրաասոցացման գործընթացով այն լուծելու Սերժ Սարգսյանի ջանքը տապալվեց հայտնի զարգացումներով, բայց, ի վերջո, չեղավ ներդրում թե՛ ԵՄ-ից կամ Արևմուտքից, թե՛ ԵՏՄ-ից: Չինաստանն էլ մերժեց հայցերը: Իսկ խորքային պատճառը ամենևին այն չէր, որ չէր բավարարում այս կամ այն կողմնորոշումը:

Չէր բավարարում սուբյեկտությունը՝ առաջին հերթին, որովհետև բոլոր ուժային կենտրոնները համոզվեցին՝ 2013-ից, որ Երևանը սուբյեկտ չէ, հետևաբար, գործ ունենալ այդ սուբյեկտի հետ՝ քաղաքական, թե տնտեսական, բավական բարդ է: Թավշյա հեղափոխությունը փոխել է վիճակը, սակայն, այդուհանդերձ, առայժմ կա վարկային աջակցության պատրաստակամություն, իսկ ներդրումայինը թերևս կախված է այն հանգամանքից, թե Երևանն ինչպես է օգտագործելու այդ վարկը և ինչպիսի բազա է ստեղծելու հեռանկարի համար:

Այստեղ, թերևս, առանցքային է դառնում նախկինում փողի բացակայության մյուս հանգամանքը՝ համահայկական ռեսուրսի անվստահությունն իշխանության և պետության նկատմամբ: Այդ իմաստով, 1,5 միլիարդ վարկի մասին ֆինանսների նախարարի հայտարարությունը հատկանշական է հնչում նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համահայկական բյուջեի գաղափարի ֆոնին: Այն, անկասկած, բավականին հում է իր այդ տեսքով, սակայն այս փուլում, թերևս, արձանագրման կարիք ունի այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսա-քաղաքական հաջողության բազան համահայկական ռեսուրսն է և դրա արդյունավետ գեներացիայի խնդիրը:

Պետք է արձանագրել, որ թավշյա հեղափոխության հիմքում ընկած համահայկական էներգետիկան չհաջողվեց կապիտալիզացնել կամ նյութականացնել անցնող տարվա ընթացքում, և դրանով է նաև պայմանավորված «մեկնարկային» 1,5 միլիարդ դոլար վարկային ռեսուրսի անհրաժեշտությունը:

Մյուս կողմից, անշուշտ, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ, այդ համահայկական այդ ռեսուրսի նյութականացման հարցում: Պետք է խոստովանել, որ չնայած հնչեղ, պաթետիկ ելույթներին, համահայկական ռեսուրսն իր կազմակերպական-մենթալ մակարդակով առայժմ ավելի հակված է հենց հռչակագրերի և հայրենասիրական պաթոսի, և սա ունի շատ խորքային, տասնամյակներով ձևավորված պատճառներ:

Այդ տեսանկյունից, 1,5 միլիարդի ռազմավարական հեռանկարային թիրախը, արդյունավետության համատեքստում պետք է դառնա այնպիսի տնտեսա-քաղաքական միջավայրի արմատավորումը, այդ բառի ամենալայն՝ կենցաղից մինչև ենթակառուցվածքներ ու անվտանգություն իմաստով, որը կդառնա համահայկական մենթալ ճառասածության վերափոխման մեկնակետ:

«Առաջին լրատվական»

Please enter a valid URL