Մոսկվայում մոտ 300 մարդ պիկետի է դուրս եկել ՔԿ գլխավոր վարչության շենքի մոտ, իրենց աջակցությունը հայտնելու Խաչատրյան քույրերին, որոնց մեղադրում են իրենց հոր սպանության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կրեստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատրյաններին վերջնական մեղադրանք էր ներկայացվել: Քույրերին դատելու են «մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն» հոդվածով: Ըստ հոդվածի՝ նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:
Պաշտպանական կողմը պնդում է, որ քույրերը սպանությունն իրականացրել են երկար տարիներ շարունակվող բռնության պատճառով անհրաժեշտ պաշտպանության շրջանակում եւ խնդրում է դադարեցնել քրեական գործը եւ վերաորակավորել մեղադրանքի հոդվածը:
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Մոսկվայում իր բնակարանում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ պարանոցի ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով։
Աղջիկները խոստովանել էին սպանությունը եւ պատմել, որ իրենց հայրը երկար տարիներ ծաղրում եւ սեքսուալ բռնություն էր իրականացնում նրանց նկատմամբ: