Երեկ՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի տներից մեկում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն հասցեի բնակչուհի՝ 71-ամյա Եղսաբետ Զաքարյանի դին։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դին հայտնաբերվել է՝ գոտին պարանոցից փաթաթված, արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք, ձախ ակնակապիճի հեմատոմա, աջ վերին կոպի և ակնակապիճի վնասվածքներ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Արդեն լուսաբացին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 50-ամյա Վանիկ Զաքարյանին, ով սպանվածի տղան է։