Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել է ՀՖՖ նախագահի շնորհակալություն ու գովեստի խոսքերը, քանզի երեխաներն իրենց քայլերով նախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը: Այցի ընթացքում ՀՖՖ ներկայացուցիչները քննարկել են համայնքում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս: