Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատանքներ կատարելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985 թվականի ծնված Արարատ Մարգարյանը:
Տուժածին հանրապետական բժշկական կենտրոն են հասցրել շտապ բժշկական օգնության մեքենայով:
«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունում տուժածին ցուցաբերվել է վնասվածքների վիրաբուժական մշակում: Հիվանդը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, որովայնի խոռոչի շրջանում, ինչպես նաև բազմաբեկորային վնասվածքներ՝ երկու ստորին վերջույթներում: Բարեբախտաբար, կրծքավանդակի և որովայնի խոռոչի վնասվածքները եղել են չթափանցող: Հեռացվել են բեկորները և հիվանդին տեղափոխել վիրաբուժական բաժանմունք, վիրահատությունը տևել է մոտ մեկ ժամ: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ Արամայիս Գրիգորյանը: