Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ից անջատված մասով գործի վարույթը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու դեմ բողոքների քննությունը:
Այսօր դատարան են եկել Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Մինասյանը, Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը: Ռոբորտ Քոչարյանը նիստին չի եկել: Նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին հայտնեց, որ օգտվելով իր դատավարական իրավունքից՝ Քոչարյանը նիստին չի ներկայանա:
Նշենք, որ դատարանում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այսօրվա նիստին դատախազությունը պետք է ներկայացնի առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշումների դեմ իր բողոքները, սակայն մինչ այդ Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին՝ երեկվա դատական նիստի ընթացքում դատավորի դրսևորած վարքագծով պայմանավորված:
Նախորդ նիստին դատավոր Դանիելյանի և պաշտպանական կողմի ներկայացուցիչների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիրքորոշում հայտնեց, որ պաշտպանական կողմը նիստը ձգձգելու միտում ունի:
Քիչ առաջ դատարան ժամանեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ Դատախազությունն, ինչպես նաև Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչները բողոքարկել են Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, մայիսի 18-ին քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
hetq.am