Այս ընթացքում, եթե դատարանը որևէ ընթացակարգային իրավախախտում թույլ տված լիներ, կարծում եմ, մենք մեր դիրքորոշումը ներկայացրած կլինեինք։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նախագահող դատավորն արդյոք բարեխղճորե՞ն է կատարում իր պարտականությունները։
Անդրադառնալով դատական նիստերից մեկի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի՝ դատավորին ուղղված այն հորդորին, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքի համար, ասաց․ ‹‹Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, եւ ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ այո, ամեն մարդ, իր արածի համար պատասխան է տալու››։
Գլխավոր դատախազը ևս մեկ անգամ նկատեց, որ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը։
«Դուք նկատում եք պաշտպանական տակտիկայի այդ կազմակերպվածությունը նիստերի ընթացքում, ասուլիսներ հրավիրելու, ամենատարբեր տեղեկատվկան հոսքերով բարոյական-հոգեբանական ճնշումներ ներկայացնելու, բայց այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու որեւէ հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում, եւ որեւէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր պարտքն է կատարել, անհանգստանալու կարիք չունի։
Հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ բարոյական եւ հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է»,–ասաց նա։