2018 թվականի ամռանը Յակուտիայի բնակիչներից մեկն, ով փնտրելիս է եղել մամոնտի ոսկորներ՝ վաճառքի հանելու համար, Տիրեխտյախ գետի ափին հայտնաբերել է գայլի հսկայական գլուխ:
Այս ամբողջ ժամանակաշրջանում գտածոն ուսումնասիրել են ռուս, ճապոնացի ու շվեդ գիտնականներն ու բացահայտել նրա տարիքը: Նրանց տվյալներով՝ այն պատկանում է պլեյստոցենի ժամանակաշրջանին, այսինքն, շուրջ 40 հազար տարեկան է:
Գայլի գլուխը եղել է 40 սմ, ինչը կազմում է ժամանակակից գայլերի ամբողջ մարմնի կեսը: Այս յուրահատուկ գտածոն միակ նմուշն է, որն ունի պահպանված հյուսվածքներ: Այն առաջիկայում կհամեմատեն ժամանակակից գայլերի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է զարգացել տեսակը: Դա հնարավորություն կտա նաև վերակագնել նախնադարյան գայլի արտաքին տեսքը:
Հնադարյան գայլի գլխի մկանները, օրգաններն ու ուղեղը լավ են պահպանվել: Մահվան պահին կենդանին եղել է 2-4 տարեկան:
Յակուտիայում նմանօրինակ գտածոները եզակի երևույթ չեն, քանի որ գլոբալ տաքացումը հալեցնում է հավերժական սառույցները՝ երևան հանելով լավ պահպանված մնացորդները: