Այս պահին տեղի է ունենում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարը, և այդ համագումարում հնչում են չափազանց նշանակալի ելույթներ, որոնց բովանդակությունից կարելի է ենթադրել, թե ինչ ուղղությամբ է այս քաղաքական ուժը պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումները: Առանձնապես ուրախանալու առիթներ չկան, ընդհակառակը, դրանք միայն խորը մտահոգությունների տեղիք են տալիս:
«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք»,-համագումարի ժամանակ հայտարարել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, հավելելով, որ Հայաստանում ժողովրդավարության հաջողությունից է կախված ժողովրդաարության ապագան ամբողջ աշխարհում, և եթե այն տապալվի Հայաստանում, ապա կտապալվի ամենուր: Միրզոյանը երևի չի էլ հասկանում, որ հենց իր ելույթը բացարձակ տոտալիտարիզմի քարոզ է, և եթե Հայաստանը իրականում շարժվելու է այդ ուղղությամբ, ապա ժողովրդավարությունը մեր երկրում կարելի է տապալված համարել արդեն այսօր:
Պետության և կուսակցության նույնականացումը հատուկ է միայն տոտալիտար հասարակարգերին, և դրա համար պետք չէ պատմական խորը գիտելիքներ ունենալ: Խորհրդային Միությունը դրա լավագույն դրսևորումն էՐ, որի կառավարող Կոմունիստական կուսակցությունը պետության առանցքն էր,այդ պետության էությունը. պարտվեց ԽՄԿԿ-ն և դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը:
Կա ավելի թարմ օրինակ. Հանրապետական կուսակցության կառավարման տակ գտնվող Հայաստանը: ՀՀԿ-ականները համոզված էին, որ միայն իրենք կարող են լուծել Արցախի հարցը, զբաղվել պետական կառավարմամբ, կառուցել երջանիկ և ապահով Հայաստան, իսկ մնացած բոլոր տարբերակները երկիրը տանում են կործանման:
Արարատ Միրզոյանը համոզված է, որ իրենք պարտվելու իրավունք չունեն: Պարտվելու իրավունք չունենալու գաղափարախոսությունն է, որ բերում է ամեն գնով հաղթելու գաղափարախոսությանը: Իսկ ամեն գնով հաղթում էին ՀՀԿ-ականները: Հաղթում էին ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման, քաղաքական հակառակորդներին գնելու կամ ոչնչացնելու ճանապարհով: Հաղթանակի համար բոլոր մեթոդներն ընդունելի են, որովհետև այդ հաղթանակը տարվում է, ոչ թե հանուն ՔՊ-ի այլ հանուն պետականության, հանուն մեր երազանքի, հանուն ամբողջ աշխարհի ժողովրդավարական ապագայի: Իսկ ինչ արժեք ունի մեր երազած հայրենիք կամ աշխարհի ապագայի հետ համեմատած մի առանձին ընտրություն կեղծելը:
Միշտ այդպես է լինում. հանրային աջակցության կորստին զուգահեռ գալիս է ամեն գնով հաղթելու հաստատակամությունը: Ու նաև, հաղթողներին չեն դատում, փիլիսոփայության արմատավորումը, մինչև հաջորդ պարտություն:
Armlife.am