Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստին մասնակցում է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Պարոն Քլոյանը, դիմելով երկրորդ նախագահին, ցանկացավ իմանալ, թե ինչու վերջինս չբացահայտեց սպանություններից գոնե մեկը. «Մեղադրյալ Քոչարյան, Դուք 40 օր ՀՀ նախագահ էիք, ինչո՞ւ չբացահայտեցիք ոչ մի սպանություն: Լավ, դա դժվար գործ էր: Թալանեցին խանութները, ոչ մեկը չդատապարտվեց, այրեցին մեքենաներ, ոչ մեկը չդատապարտվեց, ինչո՞ւ: Կամ Սերժ Սարգսյանը 10 տարի երկրի նախագահ է եղել, մեկ անգամ ասե՞լ եք, որ բացահայտի գործը, ու էջը փակվի գնա: Ինչո՞ւ չասացիք»:
«Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների՝ արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, որին ես եմ նշանակել, բայց ես ձեզ երբեք չեմ տեսել նշանակումից հետո, որևէ շփում չեմ ունեցել»,-հայտարարեց Ռ. Քոչարյանը` հավելելով, որ առհասարակ դատավորների հետ շփում չի ունեցել:
Պատասխանելով Սարգիս Քլոյանի հարցին, թե ինչու գործը չի բացահայտվել իր նախագահության 40 օրերի ընթացքում, երկրորդ նախագահն ասաց, որ արդարադատությանը երբեք չի միջամտել, այդպիսի իրավունք չի ունեցել. «Ես դատարանների դռներ չեմ փակել (հավանաբար նախագահն ակնարկեց Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչը), ի տարբերություն այսօրվա իրողության: Ես որևիցե մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել: Չի եղել նման գոնե մեկ դեպք»:
Նշենք, որ դատական նիստի ժամանակ, որ ընթացքում քննվում էր Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի, ինչպես նաև Գլխավոր դատախազության բողոքները, դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեցին, ինչպես Քոչարյանի պաշտպանները, այնպես էլ Սեդա Սաֆարյանը՝ տարբեր հիմքերով:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին ժամը 16:00-ին: Այդ օրը դատարանը կհայտնի ինքնաբացարկի մասով իր որոշումը: