«Հրապարակ» թերթը գրում է. «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին):
Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակներում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրևի հետ, այնուհետև նույն օրը վերադարձել է Հայաստան»:
Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը` հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրևը` ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»:
eadaily.com-ը գրել էր նաև, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում արագ գրել էր, և այդ արտահոսքը պարբերականը վերագրել էր Փափազյանին։
«Ֆորումի շրջանակներում Հայաստանի համար հեռանկարային և կարևոր համաձայնագիր է ստորագրվել, ինչի համար մենք շատ ուրախ ենք, ես պաշտոնական մեկնաբանություն տվեցի, այլ հարցերի չեմ պատասխանում»,- ասաց խոսնակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: