Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանին չեն զիջել․ լուրջ խոսակցություն է եղել. վարչապետի հրահանգը վերջնական էր

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 5-ին Ազգային ժողովում պետք է տեղի ունենար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր պաշտպանության նախարարության բյուջեի կատարողականը:

Սակայն ինչպես հայտարարվեց այդ օրը, նախարար Դավիթ Տոնոյանը գործուղման էր մեկնել, ուստի նա ԱԺ-ում այսօր կներկայացնի 2018թ. բյուջեի կատարողականը: Բայց պարզվում է, որ օրվա տեղափոխությունը նախապատմություն ունի:

Մասնավորապես, հունիսի 5-ին Ազգային ժողովում է եղել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ իշխող խմբակցության հետ լուրջ խոսակցություն է ունեցել:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գաբրիել Բալայանն ասել է, որ ինքը կարող է ներկայացնել 2018թ. բյուջեի կատարողականը, սակայն նրան բացատրել են, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչապետի կողմից ասվել է, հրահանգվել է, որ առաջին դեմքերը պետք է ներկա լինեն քննարկումներին:

Նկատենք, որ վարչապետի հրահանգից «վախեցած» անգամ արձակուրդի մեջ գտնվող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր երեկ ներկայացել ԱԺ ու անձամբ մասնակցել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին: Միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ ԱԺ չեկավ բյուջետային քննարկումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Please enter a valid URL