Search
Close this search box.

Նախատեսում են բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար. նախարար Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրերի թերակատարումը լրացնելու և նոր ծրագրեր սկսելու համար ակնկալում է պետբյուջեից հավելյալ մոտ 45 մլրդ դրամի գումար: Գումարի առկայության դեպքում նախատեսում են բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:«Բյուջեն այս տարի արդեն 9 մլրդ դրամով ավելացել է: Մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերով, որ ընդունվել էր անցյալ տարվա ամռանը, արդեն նախատեսված է, որ 2020-ի բյուջեն ևս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Դրանք գնալու են տարբեր ուղղություններով` թե ծրագրերի թերֆինանսավորումը փակելուն, թե նոր ծրագրերի ավելացմանը: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչև 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկություն ունեն անվճար բուժօգնություն ստացողների շարքում ներառել նաև այն կենսաթոշակառուներին, որոնք ոչ հաշմանդամության կարգ ունեն, ոչ էլ աղքատության նպաստի համակարգում են գրանցված: Նախարարությունը հավելյալ բյուջեի առկայության դեպքում նախատեսում է ավելացնել նաև ուռուցքաբանական հիվանդությունների վրա ծախսվող գումարը:

Please enter a valid URL