«Իրավունք» թերթը գրում է. «Ժամանակին ամբողջ հանրությունը բոլ-բոլ զվարճացել էր, երբ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ այսինչ որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 31-ին:
Այժմ այդ մարդը պետք է նպաստի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, դա նույնիսկ նախարարության անվանման մեջ կա, բայց իհարկե ոչ ոք չի մոռացել «փետրվարի 31-ը»:
Սակայն ժամանակի հաշվարկի հետ պրոբլեմ ունեցող միակ պաշտոնյան չէ պարոն նախարարը: Այս կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին նույնպես ժամանակային կուրիոզ տեսանք: Եվ այդ հրաշքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում: Այդտեղ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը միաժամանակ և վստահված անձ էր ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի համար, և ընտրող էր, և քարոզիչ, և ոստիկան, և… կարճ ասած ամեն ինչ: Սակայն ամենահետաքրքիրը նրա ստացած վստահված անձի վկայականն էր: Պարզվում է, որ վկայականը Ռոմանոս Պետրոսյանին տրվել է օգոստոսի 6-ին: Այսինքն՝ նա վստահված անձ էր ապագայից: Կամ էլ ընտրական համապատասխան հանձնաժողովը, շարունակելով թվանկարչության ավանդույթը, որոշել էր ապագա ամսաթվով տալ:
Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինելու օգոստոսի 6-ին: Արդյոք որտե՞ղ է լինելու նույն Ռոմանոսը…