Էդմոն Մարուքյանի համար ՏԻՄ ընտրություններում մտահոգիչ է մասնակցության ցածր մակարդակը, քանի որ ՀՀ քաղաքացիները նույնիսկ տեղի ունեցած փոփոխություններից հետո չեն արժեվորում իրենց մեկ ձայնն այնպես, ինչպես պետք է:
Այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց նաև ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումների մասին. «Հայ-հույ բաներ…Ես կարծում եմ, որ սա արդյունք է այն բանի, որ մենք ունենք հեղափոխություն-հակահեղափոխություն մոտեցումը: Որևէ քաղաքի ընտրություն այլևս պետք չէ կապել հեղափոխության հետ: Դա ընդամենը քաղաքի ընտրություն է»:
Ինչ վերաբերում է Աբովյանում իշխող ուժի թեկնածուի պարտությանը, Մարուքյանը նշեց, որ դա նորմալ է: Նրա կարծիքով, նորմալ է նաև այն, որ ԲՀԿ-ն աջակցել է Վահագն Գևորգյանին:
Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, Մարուքյանը հայտարարեց, որ վերջինս իր պահվածքով փչացրեց ամբողջ ընտրությունները. «Լավ կանի, եթե հրաժարական տա, բայց որոշում կայացնողը նրանց թիմն է: Կարծում եմ, որ պետք չէ ընտրություններին կյանքի-մահու կոնտեքստում մոտենալ»:
Մարզպետը, Մարուքյանի կարծիքով, պետք է հրաժարական տա, քանի որ նրա հայտարարությունն ու Նիկոլ Փաշինյանի խոսքերը չեն համընկնում իրար հետ:
ԼՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ պետք է հասկնաալ, թե ովքեր են երեկ բերման ենթարկվել, ինչու են բերման ենթարկվել միայն մեկ թեկնածուի կեղմնակիցները և այլն: