Search
Close this search box.

Լարված իրավիճակ՝ Կոտայքում. Փակել են ճանապարհը

Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրենք։ Բազմիցս դիմել ենք թե նախորդ իշխանություններին, թե ներկա։ եթե նախորդները վարպետորեն խաբում էին, ապա ներկայիս ջրային կոմիտեի պատասխանատուները նույնպես խաբում են։ Մենք գիտենք, որ եթե ցանկություն ունենան, ջրի հարցը կլուծեն։ Էլ չենք ասում խմելու ջրի մասին։
Դա էլ է խնդիր ու հույս ունենք, որ գոնե այսօրվա ակցիայից հետո Կոտայքի մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի նաև խմելու ջրի խնդիրը լուծվի»։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը, սակայն գյուղացիները նրան լսել անգամ չեն ուզում և անգամ մարդիկ պատրաստ էին «մի քանի մուշտի տային» Ա. Խաչատրյանին, սակայն Չարենցավանի ոստիկանապետին և Կոտայքի փոխմարզպետին հավատալով՝ ասում էին. «Այս անգամ քո ջուրը չենք կտրում, բայց եթե կրկնվի նույն աշխատաոճը, ինչ այս 10 տարիների ընթացքում տեսնում ենք, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների»։

Please enter a valid URL