Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարկվել է դատարան: Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ պարզվել էր, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան` 16-ամյա Տ-ն 2018-ի հունվար ամսին կրթահամալիրում, նույն կրթահամալիրի սան՝ 14-ամյա Հ-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Փաստի առթիվ 2018թ. հունվարի 14-ին ՀՀ քր. օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը սույն թվականի մայիսի 31-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»: