Կարծում եմ, որ նա մի բան է նկատի ունեցել, որ այլ կոնտեքստում է ասել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին, թե հեղափոխությունը այդ մարզ չի հասել:
«Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ-ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար», — նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե կարելի է արդյո՞ք ասել, որ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը վարչապետի վարկանիշի խնդիր էր, Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից երկու ամիս հետո ՔՊ-ի թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում. «Դրանից հետո տեղի ունեցան ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, և Իմ քայլը դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքում: Ես նախկինում էլ ասել եմ՝ եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ որևէ տեղ ոչ իշխանական թեկնածուն չհաղթի: ՀՀ բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ կհաղթի Իմ քայլի թեկնածուն, թե՝ ոչ, հաղթում է հեղափոխությունը, հաղթում է ժողովուրդը: Դա ամենակարևոր արձանագրումն էր»: