2019 թ-ի հունիսի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքի վերականգնման դատական նիստը… Մեկ տարուց ավելի է ընթանում է սույն գործի քննությունը, քանի որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որի հեղինակը ՇՊՀ-ի նախկին տխրահռչակ ռեկտոր Սահակ Մինասյանի մայլի աղջիկ, դատավոր Լիլիթ Խաչատրյանն էր, բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից և կրկին հետ ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության համար…Եթե ես լինեի դատավոր Լիլիթ խաչատրյանի փոխարեն, ապա Վերաքննիչի որոշումն ընթերցելուց հետո վայր կդնեի դատավորի լիազորությունները, քանի որ այն խայտառակություն է…
Ա. Ֆարմանյանի դատական նիստի ժամանակ նոր կեղծիքներ բացահայտվեցին… Օրինակ, բուհում 2018 թ-ի ապրիլին իրականացված կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել կոպիտ և զարհուրելի խախտումներով. պարզվեց, որ առանց Գիտական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի նիստեր հրավիրելու արձանագրվել են կեղծ արձանագրություններ։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ Գիտական խորհրդի նիստը, ըստ թիվ 28-րդ արձանագրության, տեղի է ունեցել 2018 թ-ի ապրիլի 19-ին, սակայն ապրիլի 18-ին Հոգաբարձուների խորհրդի անդամներին բուհի նոր կառուցվածքի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկվում է քննարկման, մինչդեռ համալսարանի կանոնադրության 48-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Գիտական խորհրդի կողմից պետք է հարցը ներկայացվեր Հոգաբարձուների խորհրդին՝ ռեկտորի միջոցով…
Ամենազավեշտալին նաև այն է, որ կրթական գործի Կոլումբոս Մինասյան Սահակը 2018 թ-ի մայիսի 2-ի իր ստորագրված թիվ 95 հրամանում նշում է, որ կառուցվածքային փոփոխությունները կատարվում են՝ “աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված, կատարվել է աշխատողների քանակի և հաստիքների կրճատում”… Դե, Մինասյան Սահակն իրեն դավաճանած կլիներ, եթե կրկին չստեր… Հաստիքներից միայն կրճատվել է Անահիտ Ֆարմանյանի հաստիքը, իսկ ընդհանուր առմամբ, եթե 2017 թ-ին համալսարանը ունեցել է 141 վարչական հաստիքային միավոր, ապա արդ փոփոխության արդյունքում 2018 թվականին ունեցել է 173.75 հաստիքային միավոր, այսինքն` հաստիքները ավելացնել են 32,75 դրույքով… Ի՞նչ հաստիքացուցակի կրճատման մասին է խոսքը…
Պարոն Մինասյանը, պարզվում է, իր ծննդյան օրը՝ մայիսի 4-ին, ինքն իրեն նվեր է արել և տիկին Ֆարմանյանի պրոռեկտորի հաստիքը վերացրել է և այլ համարժեք աշխատանք չի առաջարկել,քանի որ ” Ֆարմանյանը չուներ հմտություններ այլ աշխատանքի նշանակվելու համար”… Այս ամենի ողբերգությունն այն է, որ վերանվանված և իբրև թե նոր ստորաբաժանումների ղեկավարներ նշանակվածները ոչ միայն չեն հասկանում իրենց գործառույթները, այլև բուհը տանում են կործանման. ՇՊՀ-ն բացարձակ պատրաստ չէ հավատարմագրման 2-րդ փուլին… Այս ամենի պատասխանատուները փորձում են իրենց վրա դրված պատրականությունները ուրիշների վրա բարդել և ստանալով 350 հազար դրամ աշխատավարձ` գրեթե ոչինչ չանելով վայելել այն…
Դատական նիստի ժամանակ նաև պարզվեց, որ ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն Անահիտ Ֆարմանյանից “ազատվելու” համար ահռելի տուժանք է վճարել՝ մոտ 2 միլիոն դրամ… Եթե այս գումարին ավելացնենք ինձ և Խորիկյան Հովհաննեսին դատարանի որոշմամբ բուհի կողմից վճարված գումարները, ապա կստացվի, որ այս պահի դրությամբ մեզ երեքիս նկատմամբ Սահակ Մինասյանի կողմից գործած ապօրինությունների համար բուհն իր բյուջեից վճարել է 5 միլիոն դրամից ավել գումար, որի մեջ չի մտնում բուհի կողմից Երևանից վարձած թանկարժեք փաստաբանի ծառայությունները (900 հազար դրամ)… Այս փաստը բավարար է, որ քրեական գործ հարուցվի Սահակ Մինասյանի դեմ… Սահակ Մինասյանն իր անձնական վրեժխնդրությունը մեզանից լուծում էր ՇՊՀ-ի բյուջեի հաշվին…
Իսկ վերջում շատերին հուզող և հետաքրքրող հարց՝ ի՞նչ դերակատարություն ունի այս ամենում ՇՊՀ-ի նախկին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, ում ստորագրությունը դրված է պարոն Մինասյանի կողմից հրամցված, բայց ինչպես պարզվում է, բազում կեղծիքներով և ապօրինություններով ընդունված ՇՊՀ-ի նոր հաստիքացուցակի տակ… Չի կարող պարոն Ցոլակյանի նման մարդը “միամտաբար” ստորագրել այդպիսի խնդրահարույց փաստաթուղթը… Հուսանք` պարոն Ցոլակյանը կարձագանքի և կպարզաբանի…
Գագիկ Համբարյան