Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին, անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին։
«Պատկերացրեք՝ երկրպագուները հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար: Կարծում եմ՝ դա ամեն ինչի մասին խոսում է։ Եղել են դեպքեր, երբ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացին ցանկացել է այցելել Բաքու, սակայն թույլտվություն չի ստացել իշխանությունների կողմից: Դա շատ վատ նշան է: Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը պետք է բացառել, որովհետև դրանք լարում են իրավիճակը: Հայաստանում նման խնդիր չկա: Վերջերս ադրբեջանական «Թուրան» գործակալության լրագրողներից մեկն այցելել է Հայաստան, և, գիտեմ՝ որևէ խնդիր նա չի ունեցել, անվտանգության որևէ հարց նույնիսկ չի էլ բարձրացվել»,- նշել է Փաշինյանը: