Search
Close this search box.

Սկեսուրը ծեծել է իր նախկին հարսին՝ առանց իր իմացության թոռանը դպրոցից տուն տանելու մտադրության համար

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 56-ամյա կինը վիճաբանել է իր նախկին հարսի հետ եւ հենց դպրոցում ծեծել նրան՝ հարվածներ հասցնելով նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, քանի որ վերջինս ցանկացել է իր երեխային, առանց սկեսուրի իմացության, դպրոցից տուն տանել։

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 19-ին։ Քրեական գործի տվյալների համաձայն՝ սկեսուրը, նախապես տեղեկացել է, որ նախկին հարսը մտադիր է իր թոռանը դպրոցից տուն տանել, գնացել է նշված հաստատություն, միջանցքում հանդիպել նրան, հենց այնտեղ վիճաբանել ու ծեծել։ Մարտի 28-ին հարսը հաղորդում է ներկայացրել կատարվածի մասին, եւ մեկ օր անց հարուցվել է քրեական գործ։ Արդյունքում՝ սկեսուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ գործն ուղարկվել դատարան։

Մայիսի 23-ին կայացած դատական նիստի ժամանակ, սակայն, ամբաստանվող սկեսուրը ներկայացրել է դիմում, որով խնդրել է կարճել քրեական գործի վարույթը, քանի որ հաշտվել է տուժած հարսի հետ։ Դիմում է ներկայացրել նաեւ վերջինս՝ առ այն, որ նրանից բողոք չունի և խնդրել կարճել քրեական գործի վարույթն ու դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Հաշվի առնելով նշված հանգամանքը, եւ նկատի ունենալով, որ 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման, իսկ հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը, դատարանը որոշել է կարճել քրեական գործը եւ վերացնելով կողմերի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցները։

Please enter a valid URL