Երևանի անագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայնում է, որ երեկ երեկոյան իր մերձավորի և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել.
«Ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռը կողպելիս երկու հարբած անձինք մոտեցել են իմ մերձավորին և սկսել վիճաբանել: Հարցրել են՝ ի՞նչ ես անում, դու ո՞վ ես, էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է՝ ումից է վարձակալել, հետո հարցրել է, թե` դո՞ւք ով եք: Այս երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո մերձավորս երկար ժամանակ ստիպված է եղել նրանցից պահանջել վկայականը։ Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը, նա եղել է ոստիկան, որից հետո, հարվածելով, քաշքշելով, մերձավորիս նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին»,– ասում է Խաժակյանը։
Բաժնի դիմաց ոստիկանները շարունակել են հարվածել Խաժակյանի մերձավորին, ինչի հետևանքով վերջինս դեմքի շրջանում կոտրվածք է ստացել.
«Երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, ևս մի քանի ոստիկաններ են միացել և շարունակել են հարվածել նրան: Հետո մոտեցել է մեկ այլ ոստիկան, ով հասկացել է, որ այդ մերձավորս այդ տարածքի տիրապետողն է, նրան բաց են թողել: Այսինքն` «սևազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ և հարբած վիճակում քաղաքացուն տարել, ծեծել են:
Դիմում եմ ոստիկանապետ Օսիպյանին` այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն և առաջիկայում ազատվեն աշխատանքից:
Հուսով եմ` ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է: Մենք ևս փաստեր ունենք, որոնք կտրամադրենք: Բոլորը պետք է անխտիր պատիժ կրեն: Ակնկալում եմ, որ նրանց վրա գույնզգույն բաբոչկաներ կախվեն և իրենց պատիժը կրեն»,- ասում է Խաժակյանը: