Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին:
Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:
Դատարանը նաև իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Այս որոշումը այսօր դատարանում վիճարկում էր նրա պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության գնդապետ Պետրոսյանին երեկ գիշերը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):
Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հունիսի 4-ի երեկոյան մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը։