Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Յանուկովիչի կալվածքը Մեժիգորյեում, Կիեւից ոչ հեռու։ Մարդը համեստորեն, սեփական քրտինքով վաստակել սարքել է։) Ասում են, որ փաստաթղթերով 200 քմ տարածքով մի շինություն է եղել իրենը միայն, էն մնացածն, իր ասելով իր հետ կապ չի ունեցել։ Բայց մեծահոգաբար բարեկարգել ու կառուցել է վասն հայրենյաց։
Էն նկարի նավը գնահատվել է 95 մլն դոլար։ Տեսքով անշուք բալագան է, բայց ներսում, ըստ պատմությունների, ոսկու, մարմարի, կարմիր փայտի դրվագումներ են։ Նավը եւ մի քանի այլ շինություն փակ են, ազգային գվարդիան է հսկում։ 130 հեկտար բուսաբանական այգի, լանդշաֆտային դիզայն, տաքացվող ջրավազաններ, որպեսզի տաք երկրներից բերված բադերը (մանդարին-բադ են ասում) ձմռանը չմրսեն։ Կենտրոնական տան փայտը շվեդական է, կենդանաբանական այգում մոտ 60 ջայլամ կար մի մասը էմու, այծյամներ, մուֆլոններ, եղջերուներ, վարազեղեն։ Թենիսի կորտեր, բուսաբուծական ջերմոցը մոտ մեկ հեկտար էր եւ այլն։
Մտածում եմ մեր թալանչիների կալվածքները երբ են հանրամատչելի դառնալու որպես ազգային զբոսավայր»: