ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և եկել այն եզրահանգման, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները և նրանց սպասարկող ԶԼՄ-ները “ուզում են ստեղծել համատարած դժգոհության ֆոն, որը կվերածվի քաոսի”:
Դավիթ Սանասարյանը նաև դրա դեմ պայքարի “բաղադրատոմս” է առաջարկում իշխանություններին, ինչպես կարելի է հասկանալ նաև նրանց սպասարկող ԶԼՄ-ներին, կեղծ և իրական սոցցանցային օգտատերերին, ըստ որի, վերջիններս պետք է հեռու մնան նախորդների հետ բանավեճի մեջ մտնելուց, Սորոսի թեմայից, իսկ իշխանություններն էլ պետք է “օր առաջ իրականացնեն խոստացված անցումային արդարադատությունը, ընդունեն բիզնես դաշտը առողջացնող հարկային օրենսգիրքը, և որ պակաս կարևոր չէ, գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները”:
Նախ, շատ զարմանալի է, որ պարոն Սանաասարյանը չի ցանկանում դիսկուրսի մեջ մտնել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ.. Ինչու՞: Այս առաջարկը, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ դիսկուրսների մեջ մտնելով նախորդների հետ` գործող իշխանությունների ներկայացուցիչներն ավելի արագ են բացահայտում իրենց անգրագետ և դիլետանտ լինելու փաստը: Երևի պարոն Սանասարյանն առաջնորդվում է՝ “Որքան քիչ խոսեն, այնքան ավելի երկար կպարտակվի որոշ իշխանավորների տգիտությունը” կարգախոսին համաձայն:
Ինչ վերաբերում է սոցցանցերում նախորդ և ներկայիս իշխանություններին սպասարկող կեղծ օգտատերերին, ապա նախորդները զիջում են և՛ քանակով, և՛ լկտիությամբ, և՛ անմակարդակությամբ: Պարոն Սանասարյանին երևի պետք չէ օրինակներ բերել, թե ՀՀ վարչապետին թեթև քննադատության դեպքում ինչ սարսափելի և այլանդակ վիրավորանքների ես արժանանում:
Հետաքրքիր է, պարոն Սանասարյանն ինքը հավատում է, որ Հայաստանում բիզնես դաշտը կառողջացվի: Ես կհավատայի, եթե նախորդ իշխանություններին ծառայած օլիգարխներին ներկայիս իշխանությունները մեծ հաճույքով չծառայեցնեին իրենց շահերին :
Նախորդներին սպասարկող և նույն Փաշինյանի կողմից բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրված օլիգարխները մեծ հաճույքով ահռելի գումարներ են նվիրում Փաշինյանի կնոջ հիմնադրամին և անձրևանոց բացում ու պահում մերձփաշինյանական շրջապատի ներկայացուցիչների համար ու որևէ մեկը այսքանից հետո մտածում է, որ Հայաստանում բիզնես դաշտը կառողջացվի նոր հարկային օրենսգրքով:
Մեկ տարուց ավել է իշխանությունը Փաշինյանի ձեռքում է: Ի՞նչն է խանգարում վերջինիս, որ այդ օրենսգրքի վրա աշխատանքներ սկսի: Պատասխանը մեկն է՝ “Ով վճարում է, նա էլ պատվիրում է: “: Նախորդներին սպասարկող օլիգարխները վճարում են ներկայիս իշխանություններին և պատվիրում են իրենց խաղի կանոնները, ինչպես նաև ձեռք են բերում ինդուլգենցիա:
Ինչ վերաբերում է ժողովրդի հետ շփվելուն: Զարմանալի է, որ դա ասում է մեկը, ում մեկ տարվա մեջ ես և իմ գործընկերը երկու բաց նամակով, մեկ փոստային նամակով ենք դիմել՝ կապված Շիրակի պետհամալսարանի խնդիրների հետ ու նա չի էլ արձագանքել (միակ պաշտոնյան է, որ մեր դիմումներին ու նամակներին չի պատասխանել):
Պարոն Սանասարյան, այդ կոչի իրականացումը ձեզանից սկսեք: Նաև Ձեր անգործության պատճառով է, որ ՇՊՀ-ն կանգնած է կործանման և լուծարման եզրին: Այո, մոռացել էի` Շիրակի պետհամալսարանը ԵՊՀ, ՀՊՏՀ կամ Գյուղակադեմիան չէ, որ գտնվում են Երևանում, որ Դուք շատ արագ զբաղվեիք մեր բուհի խնդիրներով և ճշտեիք, թե 1,6 տարվա մեջ ինչու 500 միլիոն դրամ պրոֆիցիտով բյուջե ունեցող բուհը, 2018 թ-ին ոչ միայն չուներ այդ գումարից որևէ լումա, այլև բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն դրամից ավել գումար:
Ինչ վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես Դուք եք առաջարկում, “գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները”, ապա նրանց չշփվելը և չներկայացնելը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ բան չունեն ներկայացնելու, քանի որ որևէ իրականացված և իրականացվող փոփոխություն այդ նույն ժողովուրդն իր մաշկի վրա չի զգացել և կարող է շատ կոպիտ արձագանքել այդ նույն դիլետանտ իշխանավորի դեմագոգիային:
Ես, որքան հասկացա, ներկայիս քայլող իշխանավորներն ավելի արագ կտրվեցին հասարակությունից և իրականությունից, քան Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ, երբ ՀՀ նախագահն էր:
Հ.Գ.
Դավիթ Սանասարյանին հիշեցնեմ, որ Հայաստանի նման երկրում հնարավոր չէ ստեղծել քաոս և համատարած դժգոհության ֆոն, եթե իշխանությունները նորմալ աշխատում են, իշխանավորներն էլ իրենց տեղում են: Այդ դեպքում, ով ուզում է լինի, այդ թվում նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին, չի հաջողվի քաոս ստեղծել, եթե ժողովուրդն իրականում գոհ է իշխանություններից:
Իշխանություններին և նրանց կողմնակիցներին անտրամաբանական և անիմաստ բաղադրատոմսեր առաջարկելու փոխարեն հորդորեք վերջիններիս աշխատե՛լ, աշխատե՛լ ու էլի աշխատե՛լ, որ նախորդներին ժողովուրդը չհիշի:
Գագիկ Համբարյան