Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը հորդորում է

Այս տարի մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 դեպք (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 207), որից Երևանում՝ 108 (նախորդ տարի՝ 93), մարզերում՝ 103 (նախորդ տարի՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Ընթացիկ տարում Երևանում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը. Երևանում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1.2 անգամ:

Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման (36%), ծնողի անուշադրության (37.9%) և ինքնասպանության փորձի (9.9%) պատճառով: Դրանց մեծ մասը գրանցվել է երեխաների շրջանում (53.6%), նաև` նախորդ տարվա համեմատ աճել են կանանց շրջանում (59.2%):

Դեղորայքային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են ցավազրկող և հոգեմետ դեղերով թունավորումները: Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկի կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նշանակված դեղերի ընդունումը միշտ չէ հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ դրանք օգտագործել են ինքնաբուժման կամ ինքնասպանության նպատակով:

Ցավազրկող դեղերից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:

Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

դեղեր ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղերի չափաբաժինները և հաճախականությունը,
մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղի օգտագործման հրահանգներին,
ալկոհոլը չզուգակցել դեղի ընդունման հետ,
առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
հետևել դեղի պահպանման կանոններին:

Please enter a valid URL