Ապրիլի 19-ին, Կարելիայի Հանրապետությունում, հայկական կողմի խնդրանքով, հափշտակության և լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել էր ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, հայտնում է կարելական stolicaonego.ru կայքը։
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Կարելիայի մայրաքաղաքում, որտեղ ապրում էր իր ծանոթներից մեկի բնակարանում: Սակայն արդեն ապրիլի 23-ին Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը նրան 40 օրով ձերբակալել է և Պողոսյանը տեղափոխվել է թիվ 9 ուղղիչ գաղութ: Մինչ Պողոսյանի ձերբակալության ժամկետի ավարտը դատախազությունը միջնորդություն է ներկայացրել քաղաքային դատարան վեց ամիս ժամկետով Պողոսյանի ազատազրկման ժամկետը երկարաձգելու համար: Միևնույն ժամանակ, Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին իր պաշտպանյալի համար տնային կալանքի միջնորդություն է ներկայացրել: Արդյունքում, մայիսի 24-ին, դատավոր Անտոն Լեվկինը Պողոսյանին տնային կալանք է նշանակել՝ նույն վեց ամսվա համար:
Միհրան Պողոսյանն ազատվել է թիվ 9-ից և այժմ բնակվում է Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, ոտքին ամրացված էլեկտրոնային «ապարանջանով»: Միևնույն ժամանակ, Պողոսյանի տնային կալանքի մասին դատարանի վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, և եթե Կարելիայի գերագույն դատարանը այն չեղարկի, ապա ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողը ստիպված կլինի ուղղիչ գաղութ վերադառնալ: