Պիտի ասեմ։ Եվ ուրեմն՝
Հունիսի 8֊ին դարձյալ հայտարարված է համապետական շաբաթօրյակ։
Ընկերներ, գործընկերներ, թիմակիցներ ջան, իմ կողմից շատ հարգված Սուրեն Պապիկյան ջան, անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում ինչ ասել է վեցշաբաթյա պարբերականությամբ շաբաթօրյակ անցկացնել երկրում։
Խառնե՞լ եք քաղաքացիների սիմվոլիկ, կամավորական ակցիաները պետության պարտականության հետ։ Ժողովուրդը ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրել, որի գործունեության ՊԱՐՏԱԴԻՐ լիազորությունն է աղբահանության պատշաճ կազմակերպումը, ժողովուրդը իշխանություն է ընտրել, որը պարտավոր է համակարգ ստեղծել, ֆինանսավորել կամ աղբյուրը գտնել, ներդնել ոլորտը կանոնակարգելու համար։
Ինձ համար այս շաբաթօրյակները, բարեգործությունը, դրամահավաքը մաղով ջուր կրելու էֆֆեկտ ունի։ Սա ռազմավարություն չի,խնդրում եմ վերանայեք։
Եթե սկզբունքը կամավոր է, ապա դրա պետական կամ համապետականը ո՞րն է։
Եթե կան ՀԿ֊ներ, աշխատանքային խմբեր կամ օրինակ ձեր ՔՊ թիմն է ցանկանում կուսակից ընկերներով անցկացնել, ապա խնդրեմ, ողջունելի է, արեք։ Բայց ոչ աշխատանքային օրով, վեցշաբաթյա պարբերականությամբ ժողովուրդ հանեք մաքրության։
Սա ինձ հիշեցնում է Կարեն Կարապետյանի կառավարության «Մաքուր Հայաստան» , ավագներին՝ Սովետը՝ լենինյան շաբաթօրյակով։
(Խոսքը մեր մեջ՝ Կարենը տարվա մեջ գոնե 2 անգամ էր հայտարարել)
Ու հանկարծ պարզունակ ձևով չհամոզեք՝ թե մաքրությունը հայրենասիրություն է և կամ մեկ օր երկու ժամով մաքրություն անես ձեռնոցը ձեռքդ, սելֆիի ձողն էլ կողք, ի՞նչ կլինի։
Մեր փրկությունը մեր հավաքարա՞ր ուժի մեջ է, այլ տարբերակ չկա՞։
ՀԳ՝ ես չեմ մասնակցելու, հեծանիվից ընկած, ոտքս վնասած եմ լինելու այդ օրը և ամեն վեց շաբաթը մեկ ընկնելու եմ:
ՀԳ՝ էն մի ճամբարից ոգևորություն չտեսնեմ հաա՜, մենք֊մերոնցով քննարկում ենք, հանգիստ սթրվեք
Շատ, շատ վատ մոտեցում է։ Էսպես հզոր պետություն և հոգատար հանրություն չեն ստեղծում։ Չի կարելի խարխուլ հիմքով կոսմետիկ “ռեմոնտ” անել։
Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյան